Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Որքա՛ն շատ էին սիրում միմյանց, այնքան շատ էին ուզում սիրել։

Մարկոսը տանից չէր դուրս գնում, մինչև մի քանի անգամ չէր համբուրում Նախշունին. արդեն մի ոտքը դռանը, ուզում էր դուրս գնալ, բայց ետ էր դառնում, կրկնում իր համբույրները, մինչև Նախշունը նրան զոռով չէր դուրս մղում, դուռը քամակին կողպում։ Այս չէր նշանակում, իհարկե, որ Նախշունին դուր չէին գալիս նրա համբույրները. այլ այսպես են սովոր քնքուշ էակները, նրանք միշտ պիտի ընդդիմանան, որպեսզի շփումը սաստիկ լինի, կայծերը խոշոր։ Այսպես են ստեղծված նրանք բնությունից։

Սիրո այս քնքշությունը չմեղկացրեց բնավ Մարկոսին, այլ բարվոքեց նրան, մեղմացրեց նրա կոշտ բնավորությունը, նա դարձավ ավելի բարեհամբույր, բարեսիրտ դեպի ամենքը։ Ոչովի մի դառը խոսք չէր ասում, ոչովի վրա չէր բարկանում, ժպիտը նրա բերանից ցած չէր գալիս, նրա ուրախ տրամադրությունը չէր նվաղում։ Ամենքն էլ նշմարում էին այս, և ամենքն էլ նրան համարում էին ամենաերջանիկ ամուսինը աշխարհիս երեսին։

Տնական նեղություն, հոգս, ծանր աշխատանք, պարտք, պատուհաս, բոլորը նրա համար թեթևացել, չնչին բաներ էին դառել։ Ի՛նչ նեղության մեջ կուզի լիներ, հենց որ գնում էր տուն, տեսնում էր Նախշունին և համբուրում, ամեն նեղություն օդի մեջ էր ցնդում, իբրև չեղած։

Պետք է այս էլ ասել, որ վիշտ, նեղություն շատ էլ չէր պատահում, և եղածներն էլ չնչին էին լինում։ Կարծես ամենայն ինչ իր սիրուց կախված լիներ, կարծես ամենքն էլ պարտական էին սիրելու Մարկոսին, որովհետև նա ուներ մի սիրող սիրտ, որովհետև նա սիրում էր Նախշունին։ Կարծես աշխարհի և բնության սերը կախված լիներ Նախշունի սիրուց. Նախշունը սիրում էր նրան, ուրեմն աշխարհ ամենայն և բնություն համայն պարտական էր նույնպես սիրել Մարկոսին։ Մարկոսի վրա շատ ճշտությամբ էր կատարվում այն առածը, որ ասում է՝ «ինչ սրտով որ բանիդ կպչես, աստված էլ այն սրտովը կհաջողի քեզ»։