Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծնվելը նրա համար լավ ապագայի նշան համարելով՝ ավելացրեց.

— Աստուծո մատն է առաջնորդել ձեզ դեպի այս սուրբ վայրը, որպեսզի ձեր ծնունդը սուրբ համարվի նրա առջև։ Թո՛ղ այս մանուկը վանքի ժառանգը համարվի։ Երբ որ յոթը տարեկան կդառնա, կբերեք այստեղ և կնվիրեք աստծուն։ Եվ թող նրա աջն ու խաչը հովանի և պահապան լինի սրա վրա։

Հետո դառնալով ծննդկանին ասաց.

— Ծիծ սակավ ուտեցրու, աղջիկս, թող հիմիկվանից քիչ ուտել սովորի։ Ուրբաթ, չորեքշաբթի ծիծ չտաս, գոնե մինչև երեկո. թող հիմիկվանից պաս ու ծոմ պահել սովորի։ Միայն աջ ծիծդ ուտեցրու, ձախից չուտեցնես, թող ձախը ցամաքի, որ հիմիկվանից սովորի միշտ ձախից խորշել և բարվույն հետևել։ Առանց աղոթքի չքնացնես, եթե աղոթք չգիտես, սովորիր։ Երբ որ կքնե, խաչակնքիր վրան, որ չարի փորձանքներից ազատ մնա։ Երբ որ պորտը վայր կընկնի, դեն չգցեք, տարեք վանքի պատի տակին թաղեցեք, որ վանական և վանահայր դառնա։

Պատկառելի ծերունու վերջին մարգարեական խոսքը մեծ տպավորություն գործեց կրոնական ջերմեռանդությամբ լցված ծնողաց վրա, և նույն րոպեին խոստացան՝ նորածին զավակը աստծուն նվիրել, երբ կդառնա յոթը տարեկան։

Իսկ վանահայրը, որ բնավ չէր կասկածում ոչ իր ասածի և ոչ ծնողաց խոստմունքի վրա, շատ ուրախացավ, և խոստացավ, որ Սիմեոն ծերունու պես կգրկե նորածին մանուկը, երբ նա քառասունօրյա կդառնա, իսկ յոթն օրից հետո կմկրտե նրան և ինքը կլինի կնքահայր։

— Մինչև քառասուն օր դուք վանքի հյուրն եք,— ասաց նա,— ավելի վաղ անկարելի է գնալ։ Ապսպրեցեք, որ ուրիշները քաշեն ձեր տան հոգսը։


10

Յոթն օրից հետո վանահայրն ինքը կնքահայր դարձավ, և ինքն էլ մկրտեց երեխային։

Առաջ կնքահայր լինելը հեշտ չէր այնպես, ինչպես մեր