Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ժամանակումն է։ Կնքահայրը պետք է պատրաստվեր մկրտության մեծ խորհրդի համար։ Պետք է խոստովանվեր, հաղորդվեր։ Հետո էլ իր սանի բարեկրթության վրա պետք է հոգ տաներ, ինչպես իր հոգեզավակի վրա։ Կնքահայրը սուրբ էր սանամոր համար, ինչպես սանամայրը՝ կնքահոր։ Սանամայրը չէր կարող կնքահոր տունը գնալ, դռնովն անցնել, տանիքի վրա բարձրանալ, չէր կարող երեսը ցույց տալ նրան կամ հետը խոսել։ Պատահած ժամանակ՝ երբ կնքահայրը բերում էր երեխան մորը հանձնում, սանամայրը համբուրում էր կնքահոր ոտքը։ Այս պատիվը չի տրված մեզանում նույնիսկ կաթողիկոսին, և ոչ հոր, մոր կամ մի այլ ազգականի։ Ես չգիտեմ այս բանի ո՛չ ծագումը և ո՛չ պատճառը, բայց ասում եմ այն՝ ինչ որ աչքովս եմ տեսել, ասում եմ այն՝ ինչ որ դեռ այսօր էլ կա մեր ժողովրդի մեջ։ Մեռոնը սուրբ է, սուրբ է և տունը մեռոն բերողը. նրանը մեջ չի կտրող լինել և ոչ մի խնամություն։

Սուրբ ծերունին ինքը պատարագիչ եղավ մկրտության օրը, որ տոն էր մի խումբ ճգնավորների — Նեզոսի, Արսենի, Մակարի, Սրապիոնի, Աբրա Մարկոսի, սրբոց Ոսկյանց և Սուքիասյանց, և էլի չգիտեմ որոնց։

Պետք էր այս անուններից մեկն ընտրել և վանահայրը Մակարին ընտրեց և երեխայի անունը դրավ Մակար։ Մարկոսն այս բանը հրաշք համարեց, որովհետև եթե իրան հարցնեին թե ի՞նչ դնենք երեխայի անունը, նա պիտի ասեր՝ թո՛ղ լինի Մակար, որովհետև իմ հոր անունն է։ Զուգադիպություն և հրաշալի՜…

Ծերունին ինքը իր բազուկների վրա դրավ երեխային և տարավ հանձնեց մորը, կարևոր խորհուրդներ տալով, թե ինչպես պիտի պահե քառասունքը, թե՝ քառասուն օր արևի երես չպիտի տեսնի, ոտքը բոբիկ՝ գետնին չպիտի դնի, թթու և կծու բաներ չպիտի ուտի, և այլ այս տեսակ առողջապահական շատ խրատներ և հետո ավելացրեց.

— Քառասունքդ որ կլրանա, կլվացվես, կմաքրվես և երեխային կբերես ժամ, որ պահպանիչ ասեմ վրան։