Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր կարող էին արձակ համարձակ անկարգ կյանք վարել, ինչպես այսօր մեր շատ վանքերում։

Ժամվորները հավաքված՝ սպասում էին վանահոր գալուն, բայց նա սովորականից դուրս ուշացել է, չի երեում, որ քիչ զարմանք չպատճառեց ամենքին։

Վերջապես բանն այնտեղ հասավ, որ ուզեցան կանչել: Նրա խուցը բաց էր միշտ ամենի համար։ Գնացին ներս և տեսան, որ պառկած է անկողնի մեջ, վերմակը մինչև գլուխը քաշած։ Մեկը մոտեցավ և սկսեց կամացուկ շարժել, տեսավ որ չի զարթնում, ձայն տվավ, բայց դարձյալ անօգուտ: Ետ քաշեց վերմակը և շատ վախեցավ։ Նա մեռած էր։


13

Երկու ջահել ամուսինները, սիրով քնքշացած, այնքան դյուրազգաց էին դառել, որ քառասուն օր շարունակ նրանց երևակայությունը անընդհատ թափառում էր կրոնական աշխարհում։

Մարկոսը, որ սովորաբար տարվա միայն գլխավոր տոներին և կիրակի օրերն էր ժամ գնում, այն էլ իրանց ժամը, ուր մի առանձին բան չէր զգում, այլ միայն մի կրոնական պարտավորություն էր կատարում, հիմա շարունակ քառասուն օր աղոթք էր անում Հախպատի նման մի սքանչելի և երկնային տաճարի մեջ, այն էլ օրենը երեք-չորս անգամ, համարյա գիշեր ու ցերեկ։

Ազատ ժամանակն էլ միշտ նստում էր ծերունի ժամկոչի մոտ, որ մի ճգնավորից պակաս չէր։ Ծերունի ժամկոչը պատմում էր Մարկոսին բոլոր սուրբերի ու ճգնավորների վարքը, նրանց գործած հրաշքները, քաշած տանջանքներն ու նեղությունները, նրանց խրատները, և Մարկոսը լսում էր բոլորը, խղճահարվում և իր չարած մեղքերը կրկին և կրկին ապաշխարում, մաշելով իր ծնկները՝ շատ ծունր դնելով: Եվ օրվա բոլոր լսածները գիշերները պատմում էր Նախշունին, շատ անգամ գիշերային մթության մեջ, որ ավելի էր գրգռում նրա երևակայությունը: Այդ պատմությունները լսելուց հետո՝ Նախշունն իրան մեղավոր էր զգում, ընկնում էր խորին մտածության