մեջ և հարցնում էր ինքն իրան, թե ո՞ւր պիտի գնա արդյոք իր հոգին, դժո՞խք, թե՞ արքայություն։ Իհարկե դժոխք, ասում էր ինքն իրան, ինչպե՞ս կարելի է, որ իր նման աշխարհիս վրա այսչափ բախտավոր և երջանիկ մեկը կարողանա երջանիկ լինել և այն կյանքում, ուր միայն նրանք կարող են երջանիկ լինել, որոնք այս աշխարհում թշվառ և անբախտ են եղել, զրկված ամեն բանից։ Ինչպե՞ս կարելի է, որ աստված սիրե նրա նման մի կնոջ, որ ամենայն հոգվով սիրում է իր մարդին և ոչ միայն ու միայն աստծուն։
Այս մտատանջությունների հետևանքը այն էր լինում, որ մարդը մտածում էր՝ թողնել իր կնկանը և քաշվել մի քարանձավի մեջ ճգնվելու, իսկ կինը մտածում էր թողնել իր մարդուն և քաշվել կուսանաց անապատ։ Ախր, ասում էր Նախշունն ինքն իրան, թե որ առանց կույս լինելու էլ կարելի է աստծո արքայությանն արժանանալ, ուրեմն էլ ինչո՞ւ համար են գնում՝ կույս դառնում, օր ու գիշեր ապաշխարում: Երևի այնպես է միայն վայել, այնպես է հարկավոր. եթե ո՛չ՝ էլ ինչո՞ւ համար են այն հոյակապ վանքերը, ճգնարանները: Վա՜յ ինձ, վա՜յ, ի՜նչ պիտի չինի իմ ճարը։
Մինչդեռ այսպես մարդ ու կնիկ ամբողջ քառասուն օր սուրբ էին կացել, սուրբ էին պահել իրանց, այլևս չէին կամենում Ադամա մեղքին մասնակցել, վրա է հասնում և ծերունու մահը, որով միայն սուրբերը կարող են մեռնել՝ առանց հիվանդանալու, այլ այնպես՝ երբ որ կամենան։ Եթե սրբություն և մեղավորություն չկա աշխարհիս երեսին՝ հապա այս ի՞նչ է. ինչո՞ւ մեղավոր մարդիկը ուրիշ կերպ են մեռնում, չարչարվելով, տանջվելով, կարծես չեն ուզում մեռնել։ Եվ ինչպե՞ս ուզենան, քանի որ լավ գիտեն, որ մեռնեն թե չէ՝ այն կյանքումը իրանց սպասում է դժոխքի տանջանքները, մինչդեռ սուրբերը թռչում են աղավնու պես՝ ուղղակի դեպի արքայություն։
13
— Մի բան ասե՞մ, Նախշո՛ւն ջան,— ասաց Մարկոսը վանահոր մահվանից հետո։
— Ի՞նչ պիտի ասես, հոգի՛ս։