Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ջաղացպանը հյուրասիրում է նրան վայելուչ կերպով, և գիշերը պառկեցնում են իրենց մահճակալի վրա կթոցի տակ, իսկ իրանք քաշվում ջաղացի մի անկյունը և կուչ գալիս մի խսրի վրա:

«Ճգնավորը փափուկ անկողնում պառկած՝ սկսում է այլ և այլ ցնորքների ենթարկվել։ Երևակայության առաջն է բերում ջաղացպանի կնոջը և զարմանում է, թե ինչպես կարելի է նրա հետ սրբությամբ ապրել՝ լինելով օրինավոր ամուսին։ Եվ իր այս ցնորքները այնքան հեռու են տանում նրան, որ սկսում է մինչև անգամ վատ մտքեր հղանալ, բայց այդ րոպեին կթոցիցն սկսում է ջուր շրշռալ ճգնավորի գլխին։

«Ճգնավորը վեր է թռչում տեղիցը, աղաղակ է բարձրացնում, օգնություն կանչում, կարծելով՝ թե ջաղացի ջուրն է շեղվել իր ընթացքից և հեղեղի պես թափվում է իր գլխին, որովհետև մութն էր և չէր տեսնում թե ո՛րտեղից է գալիս ջուրը։

«Գալիս է ջաղացպանը ճրագը ձեռին՝ և բացատրում է կախված կթոցի նշանակությունը։ Մեր ճգնավորը նոր կծում է մատը և բացականչում, թե ուրեմն՝ «Կա հաշխարհի, չկա հանապատի»։

— Հիմա դու կհուսա՞ս, Նախշուն ջան, որ մենք էլ կարող ենք ջաղացպանի և իր կնկա պես միասին կենալ և սուրբ պահել մեզ։

— Ես իմ մասին կասկած չունիմ, բայց քեզ համար չեմ կարող երաշխավոր լինել։

— Ճշմարիտն ասե՞մ, անո՛ւշ ջան, ես ինչքան շատ եմ մտածում ջաղացպանին նմանիլ, այնքան ավելի է սաստկանում իմ սերը դեպի քեզ։ Այս իհարկե չարի խորամանկությունիցն է։ Չար սատանան միշտ արթուն է, հենց որ տեսնում է, թե մենք ուզում ենք աստուծո ճանապարհովը գնանք, նա կտրում է առաջներս։ Աստուծո ճանապարհի վրա փուշ ու տատասկ է ցանում, իսկ իր ճանապարհը՝ վարդ-մանիշակով զարդարում։ Քաջությունը փշով ու տատասկով անցնելն է: Ով որ այս աշխարհի փշովը չանցնի, նա կարող չէ մազե կամրջովն անցնել, այլ իսկույն կգլորվի, կկործանվի և կընկնի տարտարոսի անշեջ կրակի և գեհենի մեջ։