Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1

— Համբո՛, լսե՞լ ես, մեր աղեքը բաժանվում են,— ասում է ծառաներից մեկը մյուսին, սրահը ցախավլով ավլելիս, և միևնույն ժամանակ ավելի կոթը դիմհար է տալիս ծնոտի տակ: Իսկ մյուս ծառան, որ թիով էր քերում, թիակի կոթի վրա է կռթնում և զարմացած՝ ասում է.

— Բաժանվում ե՜ն… ասում ես՝ բաժանվում ե՜ն… հետո՞։

— Էլ ի՞նչ հետո, բաժանվում են էլի՜:

— Բաժանվում ե՞ն… հը՜մ…

— Դու ո՞ւմ մոտ կմնաս, որ բաժանվին, Հա՛մբո։

— Ե-Ե՞ս, Արթին։

— Հա՛, դո՛ւ, Հա՛մբո։

— Ես ո՞ւմ մոտ կմնամ, ասում ե՞ս։

— Հա՛, դու ո՞րի մոտ կմնաս. էլ քա՞նի հարցնես, խուլ խոմ չե՞ս…

— Ախր մի կա՛ց միտք անեմ է՜, о՛րհնած, ի՞նչ ես շտապում։ Որի մոտ կմնա՜մ… դու ի՞նչ կասես. ո՞րի մոտ մնամ, որ լավ լինի։ Բայց սպասի՛ր, դու ինքդ ո՞րի մոտ կմնաս։

— Ե֊ե՞ս…

— Հրամել ես, դու ինքդ։

— Առաջ դո՛ւ ասա, ես եմ հարցրել առաջ։

— Չէ, դո՛ւ ասա։

— Չէ, ես ոչինչ չեմ ասիլ։