Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ չես ասիլ։

— Էնդուր չեմ ասիլ, որ եթե նրանցից մեկն իմանա, որ ես իրան չեմ ուզում, կաշիս կմաշկե։ Ինչի՞ս է պետք։ Բայց գիտե՞ս, մեր բանը շատ վատ կլինի, եթե բաժանվին։

— Ինչո՞ւ։

— Նրա համար որ՝ հիմա ոչ մեկի սիրտը չի ցավում. հորական աշխատանքի վրա են նստած. ուտող ուտողի է, թափող թափողի։ Բայց երբ որ բաժանվին, ամեն մեկն իր ունեցածի վրա կդողդողա, մեր բերաններն էլ ավելի պատառ չի ընկնիլ:

— Քո խելքն այդպես է կտրում։ Ինձ որ հարցնես, որ բաժանվին, մեզ համար լավ կլինի։

— Ի՞նչպես։

— Այնպես որ, հիմա չորս եղբայր են, չորսն էլ կնիկ ունին, մի քանի չորս տղա կա, մի քանի չորս էլ աղջիկ. իսկ համբրե՞լ ես, գիտե՞ս քանի հոգի են։ Հիմա դրանց եկող-գնացողը հաշվի՛ր։ Ի՞նչ տուն, քարվանսարա է. մարդ ո՞ր մեկին ծառայե. ամենքն էլ հրամայող են՝ մեծից սկսած մինչև փոքրը։ Բայց երբ որ մեկը կլինի, մեր ծառայությունը կթեթևանա։

— Չէ՛, այդքան տղերքը, այդքան աղջկերքն ու հարսները, չորս տղամարդ էլ հետները, ամենքն էլ բան շինող են։ Այնքան բան չկա, ինչքան բան շինող։ Բայց երբ որ բաժանվին, բան շինողները կքչանան, այն ժամանակ, մեր բանն էլ կծանրանա։

— Ղորդ է, բան շինողները կքչանան, բայց չէ՞ որ շինելու բանն էլ կքչանա։ Հիմա ինչքան որ այգի ունին, ամեն մեկին նրա քառորդը կընկնի։ Հողերի՝ նույնպես քառորդը։ Մի՞թե միևնույն է այժմյան ահագին այգին մշակել, թե նրա չորս բաժնից մեկը. քսան օրավար վարել, ցանե՞լ, թե՞ հինգ։

— Համբո, դու շատ հիմար ես, քո խելքը ոչինչ չի կտրում։ Այդ մարդկանցից ամեն մեկը մի աժդահա է. բայց միասին լինելով ծուլություն են անում։ Երբ որ բաժնվին, ամեն մեկն աշխատելու է ավելի ունենալ, քան թե միասին եղած ժամանակ։ Շատի սովոր մարդը, երբ որ գլխումն էլ խելք կա, ձեռքումն ուժ, քչով ինչի՞ կբավականանա։ Ամեն մեկն իր համար մի առանձին սարայի պիտի շինի, մի ջոկ ամարաթ, հիմա