Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քնահատություն է եկել վրաս, ո՛չ մեկին բան հասկացնել չի լինում, կարծես կախարդված լինին, կարծես մի նզովք, մի անեծք կա մեզ վրա, և պիտի կատարվի...

— Ես զարմանում եմ,— ասաց հյուրը։— Ձեր տունը միշտ եղել է մի օրինակելի գերդաստան։ Չորս եղբայր եք, չորսդ էլ ուսում առած, կրթված, պատվավոր ծնողաց որդիք, անվան և համբավի տեր։ Իմ հավատալս չի գալիս քո ասածը։ Ուրիշներին էլ դուք եք խրատում, այդ ի՞նչպես է, որ ինքներդ իրար խոսք չեք հասկանում։

— Եղբայր, գիտե՞ս ինչ է. ամեն մի աման այնքան կտանի, ինչքան որ իր ծավալն է. եթե մի փոքր ավելի ածես, կթափվի անշուշտ։ Դու հիմա ասա՝ թե ամանը որ արծաթ լինի, շատ կտանի, այդ ի՞նչպես կարելի է։ Մենք հիմա այնքան շատացել ենք, որ մի տան, մի սուփրի վրա չենք տեղավորվում, մեկն ուտում է, մյուսը քաղցած մնում, ինչպես կասեն՝ ով չուստ, նա կուշտ։ Մեկն ասում է՝ քո երեխի բաժինը շատ է, իմինը քիչ, լավ պատառները քո՛ մարդին ես ուտեցնում։ Մեկը բեզրել է շատ հաց թխելուց, մեկէլի կռների ցավը բռնում է, երբ խմոր հունցելու նոբաթն իրան է հասնում։ Երբ որ տան մեջ ես ու դու էլավ, իմ ու քու էլավ, էլ այն տանն ի՞նչ համ պիտի լինի։ Շարունակ քրթմնջյուն, շարունակ գանգատ: Գլխներով շաքար ենք առնում, մի շաբաթ չանցած հալվում է, էլ մի դեղապետ պահել չի լինում, մարդ հյուրերի մոտ էլ է մնում սևերես։ Ի՞նչ հասկացնես անկիրթ ու տգետ կանանց, երես առած գռեհիկ երեխանց, որոնցից ամեն մեկը իր մոր անկրթության պատկերն է կրում։

Այս միջոցին տան վերի հարկում սարսափելի աղաղակներ լսվեցին։ Վեր բարձրացան տեսան, որ մեծ ու փոքր տեգրակնանիքը իրար մազերից են բռնել քաշքշում, նրանց մարդիկ էլ իրար օձիքից։ Պատճառը եղել էր այն, որ մեծի երեխան ծեծել էր փոքրի երեխային, սրա մայրն էլ ծեծող երեխային, ծեծողի մայրն էլ նրա մազերիցն էր բռնել, նա էլ նրա, և այսպես բարձրացել էր մի ահագին աղմուկ։ Մյուս սենյակից դուրս էին եկել նրանց մարդիկը և կռվին միջամտելով՝ իրար օձիքից բռնել, տան բոլոր երեխայքը վայնասուն էին բարձրացրել։ Մյուս երկու եղբայրները հազիվ կարողացան անջատել