Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չապրեց։ Բայց սա աչքովը տեսավ իր տան անկարգությունը և վշտացած սրտով մտավ գերեզման։


3

Երբ որ բոլոր գյուղաքաղաքացիք իմացան Օհանես աղոնց տան խառնակությունը, այնուհետև ամենքն էլ կռվող եղբայրներին հանդիպելիս՝ ցույց էին տալիս իրանց ցավակցությունը, և ում հետ որ խոսում էին, նրան էին արդարացնում, իսկ բոլոր մյուսներին՝ դատապարտում։

— Տան մեծը դու ես, աշխատավորը դու ես, մյուս եղբայրներիդ էլ դու ես մեծացրել,— ասում էր Մարպողոսը՝ Ավագին հանդիպելիս,— դու որ ուզենաս, նրանց ոչ մեկին բաժին չես տալ։

Մարպողոսը գյուղաքաղաքում առաջին մարդն էր, առանց նրան ոչինչ չէր լինում, ինչ որ լինում էր։ Ամենքն էլ ատում էին նրան և միևնույն ժամանակ առանց նրան ոչինչ չէին անում։ Նա այն կարճահասակ մարդկանցից էր, որոնց համար ասում են «հասակի կեսը գետնի տակն է», որով ուզում են նրա խելքի խորությունը և խորամանկության բարձրությունը ցույց տալ։ Նա մոտ վաթսուն տարեկան մարդ էր, կարճ пւ սպիտակ մորուքով, վառվռուն և անընդհատ շարժուն աչքերով, որոնք վատ տպավորություն էին գործում դյուրազգաց մարդկանց վրա։

— Մեղա, կարծես սատանի աչքեր լինեին,— ասում էին նրանք, թեև սատանի աչքեր չէին տեսած։ Մարպողոսը հին դպրոցի աշակերտ էր, այդ դպրոցի լավ ու վատ կողմերով օժտված։ Երբ աշխարհային ուսումն ու գիտությունը չէր տարածված, նա իր վանական ուսումով, Այսմավուրքով, Տաթևացու հատորներով, Սալլանթյան քերականությունով և իբրև հավելված՝ իր դյութչության արվեստով մեծ փիլիսոփա էր համարվում։ Ջահել ժամանակ այս ու այն եպիսկոպոսին ծառայելով թե՛ իբրև ծառա և թե՛ իբրև քարտուղար, ծանոթացել էր հոգևորական բարձր անձինքների և դառել էր նրանց մտերիմ գործակատարը, որ բավականին շահավետ պաշտոն էր և այնպիսի ծառայություն, որին կամա ակամա շատ շատերը