Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Մարպողոսը լավ հասկացավ Ավագի միտքը, և նրան իր պատրաստակամությունը ցույց տալու համար ասաց.

— Մե՜ծ վնաս..․ կգրեմ ուր հարկն է, թե ձեր այսինչ վարժապետը վնասակար մտքեր է քարոզում ժողովրդին. ծաղրում է ծիսարանը, վնասակար է համարում պաս պահելը, նախապաշարմունք է համարում ուխտագնացությունը, որդին և եղբայրը եղբորից բաժանում է, հավան չի ներկա ընտանեկան կազմակերպությանը, խզում է բոլոր սուրբ կապերը, որոնք առանց այն էլ թուլացել, կտրվել են... և էլի ուրիշ հազար ու մեկ բան։ Քո թշնամին չընկնի իմ գրչի տակ, մեկ որ ընկավ, էլ փրկություն չկա, ինձ Մարպողոս կասեն։ Ամենքն էլ դողում են իմ ձեռին, այդ անիրավն է, որ չի վախենում ինձանից։

— Նա ոչ թե քեզանից, այլ նույնիսկ աստվածածնիցն էլ չի վախենում։ Էլ պաս-ուտիս չկա մեր տանը, ամենքին էլ ֆարմասոն է շինել։ Մենակ ես եմ մնացել պաս պահող, մեկ էլ իմ կինս։ Երեխեքս էլ են նրան մտիկ տալիս, նրա օրինակին հետևում։ Չէ՛, եթե դա շարունակե իր արարմունքը, եթե շարունակե ինձ հետ վիճել, մեր մեջ բաժան-բաժանություն գցել, այնուհետև, թեկուզ հոգուս մեղք լինի, քեզ մի գանգատ պիտի գրել տամ...

— Այդ մեղք չի լինիլ, պարոն Ավագ, այլ վարձք։ Պաշտպանել մեր սուրբ կրոնը, մեր պապական սուրբ ավանդությունները, մեր ամենքիս սրբազան պարտականությունը պետք է լինի։ Ասված է սուրբ Ավետարանի մեջ, թե՝ «Եթե քո աջ աչքդ քեզ ճամփից հանե, հանի՛ր նրան և դե՛ն գցիր, որովհետև լավ է քեզ համար, եթե մեկ աչքով արքայություն ընկնես, քան թե երկուսով դժոխք»։

Այսպես Ավագն ու Մարպողոսը իրանց անսուրբ խղճի հետ սուրբ հոդվածներով պայման կապելով, հասան Ավագենց տուն, երեկոյան թեյի։


4

Քսան տարուց ավելի էր, որ Սմբատը հեռացել էր իրանց գյուղաքաղաքից։ Իր ուսումն ավարտելուց հետո սկսել էր վարժապետություն անել ոչ իր ծննդավայրում, այլ ուրիշ քաղաքներում։