Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՌԱՋԻՆ ԳՐՔՈՒՅԿ


Ա

ՈՒԽՏԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒԽՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս ամսին՝ մի շաբաթ առավոտ՝ Շամշուլդա գյուղի ծխատեր քահանան՝ տեր Պետրոսը, առավոտյան ժամերգությունն ու կից պատարագն ավարտելուց հետո, մի համառոտ ծանուցումով հայտնեց ժողովրդին, թե մյուս օրն Աստվածածինի վերափոխման տոնն է, պատարագը պետք է լինի Բերսի ս. Աստվածածնի եկեղեցումը, ուր պիտի օրհնվի և խաղողը։

Այս լուրը թեպետ մի անսովոր լուր չէր, բայց մեծ տպավորություն գործեց լսողների վերա, և ամենքը սրտի մտոք մի-մի խնգրվածք ուղղեցին դեպի Բերգի ս. Աստվածածինը...

Երբ որ եկեղեցուց դուրս եկած տուն էր գնում տեր հայրը, նրա հետքից գնում էր մի պատանի, որ՝ ինչպես երևում էր ձեռքում բռնած հաբիգայից, որի մեջ դրված էին տեր հոր մաշտոցն ու մասնատուփը, տերտերի մոնթն էր, այսինքն աշակերտը և փոքրիկ տիրացուն։ Արություն էր նրա անունը (և ոչ Հարություն, ինչպես շատերը կոչում էին նորան սխալմամբ):

Արությունը այս գյուղից չլինելով՝ շատ ուրախ էր, որ մյուս օրը յուր ազգականներից շատերը մոտակա գյուղերից կգան ուխտ, և նրանց կտեսնի։ Չկարողանալով անտարբեր մնալ մի այսպիսի ուրախ րոպեում, պատանի Արությունը մոտեցավ տերտերին և մանկական ժպիտով հարցրեց.

— Տերտե՛ր, էգուց էլ, ամեն տարվա նման՝ շատ տեղերից ուխտավորներ կգան, չէ է՞։