Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալիս, ի չարն են գործ դնում իր հավատը և անձնվիրությունը, այնուհետև նա ցած է իջնում իր իդեալական բարձր գահից ու ասում է ինքն իրան.

«Եթե այս տխմարն իր տգետ տեղովը ինձ կխաբի և կխնդա վրաս, ինչո՞ւ ես սրա գլխին մի այնպիսի օյին չդնեմ, որ ինքն էլ զարմանա»։ Եվ մի քանի այսպիսի փորձերից հետո երբեմն ազնիվ երիտասարդը դառնում է խարդախության տիպար։

Այսուամենայնիվ պետք է ասել, որ Սմբատի մանկության ժամանակ նրանց գյուղաքաղաքում նահապետական սեր և միություն կար։ Չարություն եթե կար, գիտակցական չէր, այլ մանկական։ Մեծ մարդիկը այնքան միամիտ էին, որ երբեմն մանկական չարություն էին անում։ Մարդիկ չէին տարբերվում միմյանցից ոչ մի բանով, ամենքն էլ գաղափարակից էին միմյանց, մե՛կ հավատ ունեին, մե՛կ հույս և մե՛կ սեր։ Չկար անհատական ազատություն, բայց նրա չգոյությունն զգալի չէր ոչ ոքի։ Կանայք նոր ձևի հագուստ հագնելը իրանց համար անպատվություն էին համարում, մեծերի մոտ չխոսկան մնալը՝ փառք ու պարծանք։ Մարդ անխղճություն էր համարում զրկել նրանց իրանց այդ միակ մխիթարությունից։ Արտաքուստ ստրկություն երևացող վիճակն ստրկություն չէր կրողի համար, այլ մի նահապետական սրբացած և ընտելմունք դառած սովորություն, և գտնվում էր ոչ բռնության, այլ հայրական սիրո հովանավորության տակ։ Մեծերի առջև փոքրերի ձեռը սրտին դրած կանգնելը, ձայն-ծպտուն չհանելը, կուրորեն հնազանդիլը մի թշվառություն չէր նրանց համար, այլ մեծ բախտավորություն։ Ազատ էին ջրերն ու անտառները, ազատ էին սարերն ու ձորերը, սակավ էին մարդիկ և շատ էր տեղը. և մարդիկ ապրում էին ինչպես Աբրահամու օրերում։ Աղքատ էին մարդիկ քաղաքակրթության պարագաներով, բայց գոհ էին իրանց վիճակից, ոչ մի բանի պակասություն չէին զգում, և ո՞վ է զգացել իր չտեսած բանի պակասությունը, որ նրանք զգային։

Ստրկության ազատությունը և վերջն էլ դատական վերանորոգությունը, գյուղական ինքնավարությունը, նորամուտ լուսավորությունը, երկաթուղի, հեռագիր և այլն, մին մինի