Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևից հանկարծ գալով՝ շլացրին ժողովրդին, մի հանկարծական փոփոխություն ձգեցին նրա նիստուկացի և վարք ու բարքի մեջ։ Ժողովուրդն այնպես փոխվեցավ մի տասը տարվան մեջ, որքան փոխված չէր հարյուրավոր տարիների ընթացքում։ Ինչ-որ մի շահի արժեր առաջ, դարձավ քսան շահի և ավելի ևս, փողը շատացավ շռայլությունն էլ հետը, և այս վերջինը հաղթեց առաջինին։ Առաջվան հարյուր մանեթով երջանիկ ապրողը էլ չկարողացավ հազար մանեթով ապրել։ Մի նոր տեսակ գոյության կռիվ սկսվեց, անմիտները հանկարծ սատանայացան, խելոքները խորամանկացան, ազնիվները խարդախացան, հավատարմությունը կորավ, սերը սառավ, սեփականությունը ձեռքից ձեռք անցավ, և այլն այսպես։

Այս փոփոխությունների մասին զգալի հասկացողություն չուներ Սմբատը։

Գտնվելով միշտ մանկահասակ երեխաների շրջանի մեջ, իրան նվիրած լինելով բարոյական դաստիարակության, իդեալիստ լինելով, միևնույն ժամանակ ինքն էլ մի իդեալ էր իր աշակերտների համար և դրա մեջ էր գտնում իր մխիթարությունն ու սփոփանքը։ Գործ չուներ հասարակության հետ, ոչ առուտուր, ոչ «հախ ու հեսաբ» և ինչ պակասություն որ նշմարում էր հին վարժապետների պես անկրթության էր վերագրում, մինչդեռ տեսածը հակակրթության արդյունք էր և ո՛չ անկրթության։

Բայց ահա այժմ Սմբատն էլ է մասնակցել գոյության կռվին, եղբայրաբաժին է ուզում, ուզում է ապահովել իր ծերության օրերը, իր որդոց վիճակը, և, ո՜վ զարմանք, եղբայրը եղբորն ուրանում է, չի ուզում նրան բաժին տալ։ Այս բանը կյանքի հանգամանքների սովոր մի մարդու վրա առանձին տպավորություն չէր գործիլ։ Ի՞նչ կա, կասեր, թող չտա, ես կառնեմ դատաստանով։ Բայց այդպես չի մտածում Սմբատը։ Նա դեռ պետք է երկար ժամանակ զարմանա, այդ բանն իր սրտի համար ցավ շինե, դեռ պետք է այդ խնդիրը լուծե հոգեբանական տեսակետից, պետք է իմանա, թե ի՛նչ է դրա պատճառը, ի՞նչպես կարելի է, որ եղբայրը բաժին չտա։

«Ուրեմն այսպես բան կա մեր կյանքումը,— ասում է նա, ուրեմն պետք է որ շատ շատերը գտնվին իմ վիճակումը․