Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ ասել կուզի, որ եթե նրանք ջոկ-ջոկ լինեն, այդպես վարվելու ոչ հնար կունենան և ոչ տեղիք. այսպես էլ եղբայրները։ Ադամն էլ մի ժամանակ դրախտումն էր, բայց այնտեղից արտաքսվեցավ և իր քրտինքով ապրելու դատապարտվեցավ։ Գուցե մեր ընտանիքն էլ մի ժամանակ դրախտ է եղել, բայց այժմ չէ։ Այն սերը, որ պիտի կապեր ընտանիքի բոլոր անդամներին մի շղթայով՝ արտաքսված է, ինչպես Ադամը դրախտից։ Հայրը, ինչպես իր չափահաս աղջկանը բաժին տալով՝ ճանապարհ է դնում, այնպես պետք է վարվի և չափահաս տղայի վերաբերությամբ։ Չափահաս տղան պետք է հորից բաժանվի և ջոկ ընտանիք կազմե։ Եվ այս ընդդեմ չի լինիլ ամենևին ս․ Գրքին, ուր պարզ ասված է․ «Թողցե այր զհայր յուր և զմայր յուր և երթիցե զհետ կնոջ յուրո»․․․

— Սպասիր, Սմբատ,— խոսքը կտրեց Մարպողոսը,— հիմա էլ ես պիտի ասեմ քեզ, որ ս. Գրքի խոսքն այդ չի նշանակում, ինչպես դու ես հասկանում։ Քո ասածդ ընդդեմ է նույնիսկ աստվածային այն պատգամին, որ ասում է՝ «Պատվիր քո հորն ու մորը»։

— Շատ հեռու գնացիք։ Ես ս. Գիրքը շատ ուղիղ եմ հասկանում, և կարոտ չեմ համարում սքոլաստիկական մեկնության։ Անբարոյական մարդը իր հորն ու մորը կանպատվի անբաժան ժամանակն էլ, և ընդհակառակը՝ բարոյական մարդը մեծ պատվով կմեծարե նրանց և բաժանված ժամանակը։ Ասացեք խնդրեմ՝ ո՞րն եք լավ համարում դուք. երբ և՛ հայրն է ազատ ու անկախ և՛ որդի՞ն, թե՞ կամ որդին է հոր հպատակը և կամ հայրը որդու։ Քանի՞ օրինակ կուզես, որ այս րոպեիս ցույց տամ քեզ, օրինակ, որ որդին խլած լինի ծերունի հորից ամենայն իրավունք, զրկած լինի նրան ժամոց տալուց, աղքատի ողորմելուց. ծերունին ամաչում է ձեռը դատարկ ժամ գնալ, վախում է մի աղքատի կանչել և հաց տալ։ Որդին վայելում է հոր թողած մուլքերը, կարողությունը և նրան ծերության ժամանակ պահում է հետին թշվառության մեջ, ցնցոտիների և կեղտի մեջ։ Ահա քեզ անբաժան որդի։ Այսպես են վարվում և մայրերի վերաբերությամբ։ Ուրեմն հայրը հեռացնելով՝ նրան հնար է տալիս վաղօրոք իր գլխի հոգսը քաշելու համար իր ապրուստն ապահովելու, միևնույն