Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ ինքն էլ է անկախություն ձեռք բերում, ինքն էլ է լինում իր ունեցածի տերը և մինչև իր մահը ուրիշի ձեռքի չի մտիկ տալիս։

— Սպասիր, եղբայր, ես էլ ունիմ բան ասելու,— ասաց Տիգրանը։— Մարպողոս բիձան, ինչպես և դրա գաղափարի բոլոր մարդիկը առարկաները գլխիվայր են տեսնում, գլխիվայր էլ դատողություն են տալիս նրանց մասին։ Դրանց ուղեղն ընդունակ չէ առարկաների տպավորությունը հակաշրջելու, ըստ որում, ինչպես ասում էր իմ ֆիզիկայի վարժապետը, իրավ որ առարկաները թարս են տպավորվում մեր թե՛ աչքի և թե՛ ուղեղի վրա և շատ քչերին է տված վերացական առարկաները հակաշրջելու և ուղիղ ըմբռնելու ընդունակությունը։

— Լավ, ի՞նչ ես ուզում ասել, դու ասելիքդ ասա. ի՞նչ քո խելքի բանն է ֆիզիկան,— ասաց Արշակը, որ միշտ դեպք էր փնտրում ծաղրելու իր փոքր եղբորը։

— Այն եմ ուզում ասել,— շարունակեց Տիգրանը,— որ Մարպողոս բիձան Նոյի ժամանակներիցն է խոսում, բայց ինչպես երևում է, այնքան էլ հմուտ չէ պատմության։ Մեր պատմության ուսուցիչն ասում էր, որ մեր աշխարհը լցված էր բաժանությամբ։ Օրինակ, Հայկը Կադմոսին թողնում է Ասորեստանի սահմանում, Արմենակին ուղարկում է Վրաստանի սահմանը, նրանք էլ իրանց որդոցն են ուղարկում այս ու այն կողմ, ինչպես Սիսակին՝ Սյունիք և Աղվանք, Շարային՝ Շիրակ և մյուսներին էլ այսպես։ Այսպես էին և Արշակունիք, մեկին իրանց մոտ էին պահում, մյուսներին դես ու դեն ցրվում։

— Լավ, լավ,— ասաց Արշակը,— մենք չենք կարող առասպելական դարերում եղածը մեզ օրինակ առնել։ Բաժանությունը գուցե և մի չարիք է, բայց այդ չարիքն այժմ անհրաժեշտ է։ Հին ժամանակ եթե բաժանվել են, գուցե ուրիշ պատճառ են ունեցել, բայց տնտեսական տեսակետից նրանք հնար ունեին և չբաժանվելու, մինչդեռ այդ հնարը մենք այսօր չունինք։ Հնար չունինք, որովհետև հող չունինք։ Այսօր ահա մենք չորս եղբայր ենք և պետք է բավականանանք այնքանով որքան մեր հայրը մենակ է ունեցել, իսկ նա էլ իր հոր ունեցածի