Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
5
ՄԻՋՆԱԴԵՊ

Ամառն էր։ Թե՛ ուսուցիչ, թե՛ ուսանող ամառային արձակուրդ էին ստացել։ Նրանցից օտարության մեջ եղողները վերադարձել էին իրենց ծննդարանը։ Բավականաչափ զարգացածները՝ թափառելով հով ու զով տեղերում, ուսումնասիրում էին բնության կյանքի երևույթները, հետազոտում էին անցած գնացած ժամանակների մնացորդները, պատմական տեղերի և շենքերի բեկորներն ու նշմարները։

Շատերն իրանց ծննդարանի և պտտած տեղերի վերաբերությամբ պատմական տեղեկություն չունեին, որովհետև պատմությունը շատ անցքերի տեղեր որոշակի հայտնած չէր, նոր հետազոտություն և ստուգություն էլ եղած չէր։

Քաջենք գյուղաքաղաքի տեղագրության մասին ևս պատմական տեղեկություն չունեին ոչ միայն տեղացի գրագետներն ու անգրագետներն, այլև ոչ նույն ինքը Սմբատը, որ մեր վարդապետների մեջ պատմության հմուտներից մեկն էր համարվում։ Իր ծննդավայրի պատմության երեսին քաշած խավար վարագույրը, համարյա դիպվածաբար, նրա առջև ետ քաշեց իր վաղեմի աշակերտակից և մտերիմ ընկեր Արմենակ Ազատյանը, որ շատերի պես նա էլ էր շրջում գյուղե գյուղ և պատմական հնություններն ու ժողովրդի ներքին կյանքն ուսումնասիրում։

Արմենակը մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, թխամիրուք, բարձրաճակատ, կրակոտ ու խոշոր աչքերով ու համակրելի նայվածքով մի անձնավորություն էր։ Իդեալիստ էր Սմբատի նման, բայց նանից էլ դեռ վառ երևակայության տեր էր և ավելի շատ ոգևորվող ու հափշտակվող։ Բարի և սիրող սիրտ ունենալով, չարությունն ու ատելությունը նրա համար մահացու ցավեր էին, որոնցից միշտ փախս էր տալիս: Արմենակի գալուստը Սմբատի մոտ, նրա հոգեպես հուզված ժամանակ, մեծ սփոփանք և ուրախություն պատճառեց նրան: Նրա պատվի համար, կռվող եղբայրները զինադադար տվին, և նա Սմբատի մոտ մնաց մինչև մի շաբաթ։ Այդ օրերը նրանք