Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան զբոսանքների և արշավանքների նվիրեցին և Արմենակը, Սմբատի ուղեկցությամբ, հնար ունեցավ մի ամբողջ գավառի նշանավոր հնություններն ուսումնասիրելու և գրի առնելու։ Այս զբոսանքների ժամանակ հոգեպես կազդուրվում էր և Սմբատը և նրա գրգռված նյարդերը հանգիստ էին առնում։ Նա չէր կարող թաքցնել իր մտերիմ ընկերից և բարեկամից իր ընտանեկան խճճված հանգամանքները։ Այս խնդրի վերաբերությամբ ևս ընկերոջ կարեկցությունը վաստակելով՝ այնպես մխիթարվեց, որ համարեց թե իր եղբայրաբաժինն արդեն ստացել է ամենայն քաղցրությամբ։

Երեկոյան դեմ պատշգամբի վրա նստած թեյ էին խմում։ Արմենակը դեռ այն օրն էր եկել։ Հափշտակվելով գյուղի նկարչական դիրքից և շատ հավանելով Սմբատենց եռահարկ քարաշեն տունը, որ իր բարձր դիրքով իշխում էր ամբողջ գյուղի վրա, հարցրեց․

— Սմբա՛տ, չգիտե՞ս, արդյոք այս շինության ժամանակ, սրա հիմքը փորելիս՝ որևէ հնության հետք գտնված չէ՞։

— Ինչո՞ւ համար ես հարցնում,— ասաց Սմբատը։

— Նրա համար եմ հարցնում, որ իմ նկատողությամբ և երևակայությամբ այստեղ, պիտի լինի եղած կամ սրա մոտակայքում Աշուշա բդեշխի պալատը։

Սմբատը փոխանակ իսկույն պատասխանելու, գույն առավ ու գույն տվավ և ասելիքը կոկորդումը մնաց։ Նա մի կեղծ հազով իր հուզմունքը զսպելով՝ պատասխանեց։

— Այս տանը հիմքը, ճշմարիտ որ, մի հին շենքի վրա է դրված։ Հայրս ասում էր, թե ինքը լսել է, որ այստեղ կռապաշտ թագավորի տուն է եղել։ Մեզանում հնության հետքեր շատ կան, որոնք մինչև այսօր չեն հետազոտված։ Քո ասելուց դուրս է գալիս, որ ուրեմն պետք է այստեղ լինի եղած հին Ցուտավը։

— Անկասկա՛ծ, այստեղ էր Աշուշա բդեշխը, Վահան Մամիկոնյանի մորաքրոջ մարդը։

— Գիտե՛մ, գիտե՛մ, նա, որ պարսից Հազկերտից խնդրեց ազատել Վահանին և նրա եղբայրներին — Վասակին և Արտաշեսին, որոնք գերի էին այնտեղ և բերավ այստեղ իր մոտ պահեց։