Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նշանավոր էր Վահանի մայրը Ձվիկը, որ Ղազարի ասելով՝ հայ կանանց մեջ ամենից առաքինին և հանճարեղն էր։ Նա այստեղ իր քրոջ մոտն էր, բդեշխի կնոջ, երբ իր որդիքը դեռ գերի էին Պարսկաստան։ Այստեղ կարոտակեզ մայրը գգվեց իր որդոցը, արժանացավ նրանց տեսությանը և այստեղ կրթեց նրանց այն հոգվով, որ հետո արտափայլեց Վահանի հերոսական քաջությունների մեջ։

— Այդ ճշմարիտ է, գտիր և մյուս կինը, որ ընդմիշտ պիտի մնա իբրև օրինակ առաքինի հայ կնոջ․ նա՝ որ իր հայրենի սուրբ կրոնին հավատարիմ մնալը վեր դասեց թագուհու թագից և ծիրանուց։

— Ասածդ պարզ է, Արմենակ, Շուշանիկի համար ես խոսում, բայց մի՞թե Ցուրտավումն էր նա և ոչ Մցխեթ կամ Տփխիս։

— Այստեղ է հարսնացել և այստեղ նահատակվել նա։ Ես ծանոթ չեմ ձեր ձորերին, բայց եթե ուղիղ է հավաքած տեղեկություններս, մեր դիմացի ձորում շատ հնուց մնացած մի բերդ պետք է լինի, ահա այնտեղ է եղել կալանավորված Շուշանիկը։

Սմբատը տեսնելով, որ ուղիղ է ընկերոջ նկատողությունը բերդի մասին, մնաց վեր քաշվածի պես։ Նրա երևակայությունը թռավ դեպի հին անցյալը։ Մտաբերելով, որ Մամիկոնյան ցեղից դեռ մի մնացորդ կա իրանց ձորերում, և տեսնելով որ մի այդպիսի պատմական նշանավոր հողի վրա է ծնունդ ու սնունդ առել, այն օդն է ծծել, որ Վահանն է ծծել մի ժամանակ, այն հողի վրա է ման եկել, որին դիպել է Մեսրոպի ոտքերը և ողողվել Շուշանիկի արյունով,— ինքն իր աչքում մի քանի կանգուն բարձրացավ և սաստիկ հուզված ու աչքերը ջրակալած բացականչեց․

— Արմենա՛կ, դու ինձ գժվացնում ես բոլորովին։ Ես՝ էլ ես չեմ ուրեմն, այլ բոլորովին մի ուրիշ բան։ Գիտե՞ս արդյոք, թե որքա՜ն մեծ է մարդուս երևակայության ազդեցությունը նրա ամբողջ բնության վրա։

— Իսկ դու գիտե՞ս միթե,— ասաց Արմենակը իր փնտրած մարդին գտնողի պես ուրախ ժպիտով։— Ես հենց կարծում էի, թե միայն ես գիտեմ այդ բանը և դեռ չեմ պատահած մեկին,