Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ մարդուս ոգեկան աշխարհին որևէ նշանակություն տար։ Մեր նյութապաշտական ժամանակում իրական աշխարհից դուրս ոչինչ չեն ընդունում։

— Օ՜... և որքա՜ն սխալվում են։ Ի՞նչ է ուրեմն միտքը։ Կարո՞ղ ենք ասել, թե միտք չունինք, մտածելու շնորհք չունինք, զուրկ ենք հիշողությունից, երևակայությունից, ո՛չ տխրում ենք, ոչ ուրախանում, ո՛չ արտասվում ենք և ոչ ծիծաղում, ո՛չ սիրում ենք և ոչ փտնում, չունինք ո՛չ հավատալ և ոչ հուսալ, և ուրիշ ո՜ր մեկն ասեմ։ Իսկ այս բոլորը միասին առած ի՞նչ աշխարհ է։ Եվ որքան գաղտնիքներ և ծածուկներ կան այս ոգեկան աշխարհում, որ եթե իրական աշխարհի չափ ուսումնասիրվեր, ով գիտե թե ոգեկան ջերմություն, լույս, էլեկտրականություն, մագնիսականություն և ուրիշ մեզ անհայտ զորություններ ևս չգտնվեին։

— Ես հավատացած եմ, որ այդպես էլ կլինի։ Հին ալքիմիան, աստղաբաշխությունը և ուրիշ շատ ցնորական բաներ վերջ ի վերջո գիտություն դառան, ինչպես որ կռապաշտությունը՝ աստվածապաշտություն։ Ինչ ասել կուզի, որ մեր փալչիների ու ջադուքյարների արարքներն էլ հետազոտելով՝ Ժամանակին գիտության կերպարանք կառնեն։

— Ինչ կուզես ասա, ամեն հրաշքի հավատում եմ, թեև բացատրել չեմ կարող։ Այսքանը միայն գիտեմ, որ ոգին ոգիով է ոգիանում և հրաշքը հրաշքով կատարվում։ Ինչպես որ ֆիզիկական երևույթների մեջ մի անմիջական կապ կա, պատճառ և հետևանք փոփոխակի հաջորդում են իրար, ճիշտ այսպես էլ ոգեկան երևույթներն են իրար կապակից։

— Շատ ուղիղ է նկատողությունդ, Սմբատ, ճշմարիտ որ՝ ոգին ոգով է ոգիանում և հրաշքը հրաշքով կատարվում։ Գտիր, օրինակ, մի ընկեցիկ, որ հրաժարված լինի մարդկային հասարակությունից, կորած, մոլորած, ընկճված,— հավատացրու նրան, որ նա հարազատ զավակն ու ժառանգն է Դավիթ մարգարեի, նա կերևակայե ինքն իրան մի արքայազն...

— Անշո՜ւշտ... Եվ ի՜նչ հրաշքներ, ի՜նչ քաջություն ասես, որ նա չգործե իր ժառանգությունը ձեռք բերելու համար։ Եվ եթե չհասնի էլ իր նպատակին, այսուամենայնիվ ահագին ակոս