Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չտեսնելու կդնե և նրան վերացնելու համար կգրգռե նրա լավ հատկությունները, որոնք զորանալով՝ կխեղդեն վատ հատկություններին. մինչդեռ եթե վատի վրա դարձնես ուշադրությունդ, միշտ վատը երեսովը տաս, հանդիմանես, կշտամբես, ասել պետք է, որ նա բոլորովին կփչանա։

— Նկատողությունդ շատ ուղիղ է և շատ կարևոր, որ գիտենար ամեն մի ծնող, ամեն մի դաստիարակ և ամեն մի գրող։

— Դու հիշում կլինիս իհարկե, թե ի՞նչ էինք կարդում մենք մեր աշակերտության ժամանակ,— շարունակեց Սմբատը ընկերոջ հավանությունից խրախուսված և ոգևորված — մենք կարդում էինք Ազգասեր, Բանասեր, Եղբայրասեր, Հորդորակ մանկանց, Որոգայթ Փառաց, Հրավիրակներ Արարատյան և Ավետյաց երկրի, Նահապետի և Կոմիտասի երկերը և սրանց նման բաներ։ Ինչ ասել կուզի, որ դրանց ոգովն էլ զարգանում էինք։ Բայց մեկ էլ հանկարծ գոռացին, թե այդ չէ՛ ինքնաճանաչության ուղիղ ճանապարհը և ընկան մի այլ բոլորովին դարիվայր տանող ճանապարհ և սկսեցին գլխապատառ գլորվել դեպի ցած և ցած։ Խոստովանում եմ, որ առաջին ճանապարհը շատ էր դարիվեր և դարիդուրս, բայց երկրորդն էլ շատ է գլխիվայր։ Կրթության ճանապարհն իր ուղիղ շավիղն ունի, որով կարելի է գնալ անսայթաք, առանց վերուվայր թռչկոտելու։

— Նկատողությունդ շատ ուղիղ է, Սմբա՛տ, բայց մի բան չպետք է մոռանալ երբեք։ Ինքդ ասացիր, որ ինչպես ֆիզիկական աշխարհի երևույթների մեջ պատճառ և հետևանք կապակից են միմյանց, նույն օրենքը կա և ոգեկան աշխարհում։ Շոգեշարժը գտնելուց առաջ մարդիկ օգուտ էին քաղում քամու ուժից, բայց միշտ սպասելով, թե ե՛րբ կփչի քամին և դեպի ո՛ր կողմ։ Բարոյական կյանքի նավի համար շոգեշարժ չի գտնված, նա դեռևս այս ու այն կողմից փչած հողմերի ձեռքին մի խաղալիք է։ Ինչպես որ կան մարմնական համաճարակ ցավեր, նույնպես կան և ոգեկան ցավեր, որոնք քամու պես տարածվում են ժողովրդի մեջ ո՛վ գիտե՝ որտեղից և ինչպես, և այս բանը կրկնվում է պարբերաբար։

— Այդ ես լավ չեմ հասկանում, Արմենակ․ դու ինձ բոլորովին