Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոր բան ես ասում։ Ինչպե՞ս թե համաճարակ ոգեկան ցավեր․․․

— Այդ այն ցավերն են, որոնց ազդեցության տակ, զանազան հեղաշրջումներ են լինում կյանքի մեջ։ Ի՞նչ է նշանակում, օրինակ բարկանալ, բորբոքվել, մոլորվել, անտարբեր գտնվել, ոգևորվել, սիրահարվել, ատելություն զգալ, շահասեր դառնալ, անձնվիրություն ստանալ և այլն։ Եվ այս ամենը միևնույն անհատի մեջ պատահո՞ւմ է թե ոչ։ Ինչ հեղաշրջում որ լինում է մի անհատի ոգեկան աշխարհում, նույնը պատահում է և մի հասարակության, մի ազգի և մինչև անգամ ընդհանուր մարդկության մեջ։ Տեսնում են հանկարծ հասարակական կյանքն ընդարմանում է և ոչինչ կյանքի նշան չի ցույց տալիս, մեկ էլ հանկարծ կենդանություն է ստանում գարունքահան եղած անասունի պես։ Հանկարծ վարակվում են այս և այն մոլությունովը, և մեկ էլ սթափվում և զգում իրանց հանցանքը։ Նոյի ժամանակ մարդիկ այնքան անբարոյականանում են, որ պետք է լինում նրանց ջրհեղեղով ջնջել։ Սոդոմն այրվում է, որ մյուս քաղաքները չվարակվին նրանից։ Ուրեմն կատաղության հասած բարոյական ցավեր կան, որոնք խոլերի և չումի նման երևում են պարբերաբար։ Բոլոր ասպատակությունները, կռիվները, պատերազմները, կրոնական և քաղաքական հեղաշրջումները ուրիշ բան չեն, բայց թե համաճարակ ոգեկան ցավերի արդյունք, թեկուզ իրանց ծագումը մարմնականից լինին առած։ Այս երևույթները կյանքի և գիտակցության արդյունքներ չեն, այլ ընդհանուր հոգեկան տրամադրության։

— Քո այդ տեսությունից դուրս է գալիս, որ ուրեմն կրթության և ուսման ազդեցությունից դուրս մեզ անհայտ ուժեր կան, որոնք կրթությունից ավելի են ազդում։ Էլ ինչո՞ւ են մեզանից պահանջում, որ մենք բարոյակիրթ սերունդ պատրաստենք, երբ դաստիարակությունն անզոր է անբարոյական հոսանքների առաջն առնելու և բարոյական ցավերից պատսպարելու։

— Այդ պահանջի մեջ մեծ սխալ և խոշոր հակասություն կա։ Այսօր այս են պահանջում, վաղը մի ուրիշ բան, նայած թե մարդկանց ճաշակն ու հասկացողությունը որպիսի կերպարանք