Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց այդ քամին հանկարծ կփչի հակառակ կողմից և այն ժամանակ վազողների դերերը կփոխվին, ինչ որ առաջ հետադիմություն էր, այն կլինի հառաջադիմություն։ Ուրեմն կուզես գրող եղիր, կուզես վարժապետ, ընդհանուր տրամադրության դեմ ոչինչ չես կարող անել, կարող ես միայն սպասել, որ քամին դեպի քո ուզած կողմը փչե։

— Հիմա ինչպե՞ս ես նկատում, քամին մեր ուզա՞ծ կողմն է փչում, թե՞ հակառակ։

— Ես հիմա նկատում եմ, որ մեր գրականության մեջ տիրապետող բացասական ուղղությունը ջուխտ ոտքով ճահճի մեջ է ընկել։ Թերթում ես այս, թերթում ես այն, և կարծում ես, թե մի մեծ հիվանդանոցի մեջ ես պտտում, սենյակից սենյակ ես մտնում և նորանոր ցավագարների հանդիպում։

— Ո՜հ, հազիվ հասար իմ ուզած կետին։ Ուրե՛մն դու ինքդ էլ ես նկատում, որ բացասական ուղղությունը հասցնում է եսականության, որ իրանից դուրս ոչ մի արժանավորություն չի ճանաչում։

— Այո՛, և այդ ուղղությունը շուտով կփոխվի անաչառ քննադատության, լավին լավ ասելով, վատին վատ։ Եվ ինչպես որ հիմա ամեն լավի համար աչք խփած շինծու և հրեշացրած վատություններ են դուրս բերում, կսկսեն լավերը նկատել ու նրանց դուրս բերել իբրև օրինակելի անձնավորություններ։

— Եվ որ իմ ուզածը կլինի։ Չէ՞ որ ես ուզում եմ, որ ինքնաճանաչությունը լինի լավ կողմից։ Բայց կգտնվի՞ն արդյոք լավ մարդիկ։

— Եթե մեր գրողները վատ տիպ ներկայացնելու համար մեծ ջանք են գործ դնում փնտրելու համար և գտածներն էլ լինում են բացառիկ կամ չեղած հրեշներ, այդ արդեն ցույց է տալիս, որ մեզանում վատերի թիվը շատ քիչ է։ Ի՞նչ ես կարծում, ես ու դու վա՞տ մարդիկ ենք։

— Մենք հաշիվ չենք, մենք վարժապետներս առհասարակ լավ մարդիկ ենք։

— Մի՞թե մեր այն ընկերները, որոնք վարժապետ չեն, այք քահանա, վա՞տ քահանայք ենք։

— Ընդհակառակն, շատ արժանավոր քահանայք են։