Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իհարկե, լավ մարդ է, հապա ի՞նչ ես կարծում: Բանը գործի արտաքին կողմին նայելը չէ, այլ ներքին դրդումին, օրից հառաջ է գալիս արտաքինը: Ավագն այժմ մոտ հիսուն տարեկան մարդ է։ Նա մտածում է այսպես. եթե ես սրանից երեսուն տարի առաջ լինեի բաժանված, այժմ ես ինձ համար ապահով վիճակի տեր կլինեի: Այսուհետև էլ հույս չկա, որ ես կարենամ մի բան շինել: Մեր նյութականը հավասար բաժանելով, բարոյականը մնում է անբաժան: Ջահել եղբայրս իր ջահելությունից ինձ բաժին չի տալիս, ուժեղն իր ուժից ինձ բաժին չի տալու, ուսումնականն իր ուսումից ինձ բաժին չի տալու: Քանի որ այդ մարդիկը բարոյապես և ֆիզիկապես ինձանից հարուստ են, թո՛ղ երթան իրանց դրամագլխով գործ տեսնեն, էլ ի՞նչ են ուզում ինձանից: Նա տեսնում է մեր հագին սերթուկ ու շապո, կարծում է, թե դրանով արդեն մենք մեզ ապահովացրել ենք. չգիտե խեղճը, թե ինչ թշվառ ապագա է սպասում մեզ` վարժապետներիս: Բայց նա ի՞նչ մեղավոր է: Եթե այսօր մեզ չի վարձատրում ազգը, որին երկար տարիներ ծառայել ենք ամենայն անձնվիրությամբ և զոհաբերությամբ, այդ վարձատրությունն ինչո՞ւ ենք պահանջում մեր եղբայրներից: Նրանք մի՞թե իրավունք չունին ասելու, թե մեր ցանածը մենք պիտի հնձենք, իսկ դուք էլ գնացեք այնտեղ հնձեցեք, ուր որ ցանել եք: Ահա թե ինչու է արդար Ավագը, բայց արդարանալու հնար չունենալով՝ նա պիտի դիմի կոպիտ ուժի, պիտի հարձակվի և պաշտպանվի բնազդմամբ, ներքին դրդմամբ և ինչ էլ որ անե, մեղավոր չէ իմ կարծիքով...

Զարմանալի մարդիկ են մեր իդեալիստ վարժապետները, ես իմ աստվածը՝ մեկ-մեկ պաշտելի անձնավորություններ են։ Սմբատը շատ գոհ և բավական մնաց Արմենակի պաշտպանողական ճառից: Նա պատրաստ էր բոլորովին զրկվելու հայրական ժառանգությունից, միայն թե այդ առիթով իր մեծ եղբայրն այնպիսի բան չանի, որ անպատվություն բերի իրանց օջախին: Քանի որ ծառն իր պտուղից է ճանաչվում և նախնյաց լավ ու վատ հատկությունները ժառանգաբար անցնում Են որդոց որդի, ապա ուրեմն բարի ժառանգից կարելի է գուշակել, որ նա բարի ծնողաց և բարի նախնյաց արժանավոր