Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զավակ է և բարի ժառանգների էլ նախահայր կդառնա։ Այդ իսկ պատճառով Սմբատի համար եղբոր անունն անարատ պահելը օջախի և ազգի պատվի պաշտպանության խնդիր էր։


6

Երբ որ Արմենակ Ազատյանը հեռացավ, Սմբատը վերացական և գաղափարական աշխարհից կրկին ընկավ զգայական և իրական աշխարհի մեջ։

Արմենակի ասածը, թե՝ «Մենք մի անկարգ ազգ ենք», Սմբատի համար դառավ մի նոր բնաբան, և այնուհետև ո՛ր կողմ նայում էր, միայն անկարգություն էր տեսնում։

Մարդիկ կան, երբ մի նոր գաղափար են ստանում, մի նոր միտք ըմբռնում, բոլոր առաջվան գիտցածները մոռանում և ուրանում են, և մինչև անգամ սկսում են հարձակվել իրանց առաջվան ունեցած և փայփայած գաղափարների վրա։

Այս տեսակ մարդկանց գլխումը երկու գաղափար միասին հաշտ կերպով չեն տեղավորվում, այլ սկսում են միմյանց դուրս մղել ընդդիմահարության օրենքով։

Այս մի ընդհանուր պակասություն էր Սմբատի ժամանակակից մտածողների մեջ, որոնց սիրտը շատ նեղ էր և մտավոր տեսությունը շատ կարճ։ Այս պակասությունից ազատ չէր և ինքը Սմբատը։

«Մեզ հարկավոր է միայն բարեկարգություն և ուրիշ ոչինչ, — ասում էր Սմբատը և այս բնաբանի վրա մի ինքնուրույն տեսություն հիմնում, որ քարոզե սրան-նրան։

«Պիտի ասեն, որ բարեկարգությունը արդյունք է, հետևանք է և ոչ պատճառ։ Առանց ուսման և գիտության ի՞նչ բարեկարգություն կարելի է սպասել։ Ինչո՞ւ չասել, թե ընդհակառակն՝ ուսումն է հետևանք բարեկարգության, թե բարեկարգություն կարող է լինել և առանց գիտության, մինչդեռ ոչ մի գիտություն կարող չէ ծաղկիլ անկարգության մեջ։ Մի՞թե մարդիկ, քանի որ չունեին ո՛չ գիտություն, ո՛չ ուսում, խո՞տ էին արածում, չունեի՞ն ոչինչ կարգ, ոչինչ կանոն, ոչ մի սրբազան սովորություն։