Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Եվ ի՞նչ բան է ուսումը։ Բացի գրաչարչիներից և մտքի փերեզակներից ո՞ւմ է մի օգուտ տվել այդ ուսումը։ Ի՞նչ օգուտ է տալիս մեր այժմյան անկարգ ու անկանոն ուսումը, մարդու հոգին ու մարմինն ապականող ուսումը։ Մի՞թե խելքի ու շնորհքի տեր լինելը ուսման գործ է. մի՞թե քիչ ուսումնականներ կան, որոնք բոլորովին մերկ են մարդկային բարոյական զարդերից և զուրկ բնության տված բոլոր ձիրքերից։ Ի՞նչ ափեղցփեղ բան ասես, որ ուսման շարքը չի ընկել և դպրոց ասածդ շինել մի գոմ, ուր ամեն տեսակ գրաստ կարելի է համարվում կապել։ Ի;նչ անպետք լեզուներ, ի՛նչ սո՛ւտ ու սխալ պատմություններ, ի՛նչ հիմարություններ և այն էլ որքա՜ն, որքա՜ն։ Եթե բոլորի կեսը բարձես մի ուղտի վրա, խեղճ անասունի մեջքը կկոտրի, բայց որ այսուամենայնիվ ուսանողները տանում են այդ բեռը, դրա պատճառն այն է միայն, որ ավանդած նյութը նրանց ուղեղներն իրանց մեջ չեն պահում, չեն մարսում, որ անհնարին է, այլ նորից դուրս են վիժում ձայնագիր մեքենայի պես և ներս ածողների երեսին զարկում։ Ի՞նչ ուսում է այն ուսումը, որի ո՛չ հատկությունն է որոշած, ո՛չ քանակությունը, ո՛չ օգուտն է ապացուցված և ո՛չ վնասը հերքված։

«Բնության մեջ ո՛ր կողմ նայում ես՝ կարգ ես տեսնում․ կարգով է կառավարվում ամբողջ տիեզերքը։ Չկա ո՛չ մի անասուն, ո՛չ մի սողուն և թռչուն, որ անկարգ լինի։ Եվ ինչի՞ցն է, որ միայն մարդն է անկարգ, եթե ոչ իր ստացած սուտ ու սխալ ուսումից, որից բարեբախտաբար ազատ են անբան անասունները։

«էլ ինչո՞ւ համար է տված աչքը, որ չկարողանա զանազանել ծուռն ու շիտակը։ Մի՞թե հայերն այնքան խելք չունի՞ն, որ իմանան, թե շիտակ և լայն փողոցը լավ է և հարմար իր անցուդարձի համար, քան նեղն ու ծուռնումուռը, որոնցով սայլ անցկացնել չի լինում։ Ինչո՞ւ կարգով չեն շինում տները, այլ խառնիխուռն և միմյանց վրա դարսված։ Մեր կենցաղավարության ո՞ր մասի մեջ է երևում մեր պապերի ուսման բարերար և բարեկարգող ազդեցությունը։ Ինչո՞ւ այդ դպրությունը ոչ մի բարեկարգության հետք չի թողած՝ բացի փլատակներից և ավերակներից։