Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

«Եվ ինչպե՞ս կարելի է, որ տները կարգով լինին, քանի որ ամենայն ինչ անկարգ է. ինչպե՞ս կարելի է, որ փողոցները շիտակ լինին, քանի որ ամենայն ինչ ծուռ է։ Չէ՞ որ անկարգության և անճոռնիության մեջ էլ կա ներդաշնակություն։ Ուղտի միայն շլինքը չէ ծուռ, այլ ամեն տեղը։

«Մեր պատմական անկարգության մասին Վաղարշակի նամակն է ապացույց բերում Արմենակը։ Մոռացա նրան ասել, թե Ն. Կայսրն էլ որ եկավ, մեր մայր աթոռումն անգամ ոչինչ կարգ ու կանոն չգտավ։ Մեր սահմանադրական վանքը ոչինչ սահմանադրություն չուներ, այլ ամեն ինչ ավանդությունների և ադաթների վրա էր հիմնում։

«Ո՞վ կարող է ասել, թե ինչպիսի՞ ադաթներ ունինք, և ո՛ր ադաթը ի՛նչ ծագումից է։ Ամեն գյուղ, ամեն քաղաք իր համար մի ջոկ ադաթ ունի,— ո՛րը թաթարի է, ո՛րը թուրքի, ո՛րը պարսկի է, ո՛րը արաբի, ո՛րը հույնի է և ո՛րը հռոմայեցու, իսկ բուն հայկականը — աստված տա։

«Ինչո՞ւ բաժանության համար մի անխախտելի կարգ չկա սահմանած, որ այլևս ասել-խոսիլ չլինի, այլ ամեն մարդ իր բաժինն ստանա և մի կողմ քաշվի․․․»։

Չնայած, որ անկարգությունն այնքան գրավել էր Սմբատին, որ նրա մեջ գտնվում էր և ներդաշնակություն, որ ոչ ոք նշմարած չէր, բայց հենց որ հասնում էր բաժանության, այստեղ անկարգության առաջնությունը մոռանում էր և ամեն չարիք, նույնիսկ անկարգությունը անբաժանության և անարդար բաժանության արդյունք համարում։ Սմբատի համար կարգ թե անկարգություն, բոլորն էլ գալիս էին բաժանության վրա կռթնում, համարելով նրան մի այնպիսի ամուր հենարան, որի վրա պիտի հաստատվեին ամենայն տեսակ կարգ ու կանոն։

«Ամբողջի մեջ ներդաշնակություն կլինի,— մտածում էր Սմբատը, եթե մասերի մեջ արդար բաժանություն լինի»։ Ամբողջի մեջ միություն կլինի, եթե մասերի մեջ արդար բաժանությունը լինի։ Ամբողջն առողջ կլինի, եթե մասերի մեջ արդար բաժանություն լինի։ Ամբողջի մեջ կտիրե ամենախիստ կարգ ու կանոն, եթե մասերի մեջ արդար բաժանություն լինի։