Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պտուղ կտա. նոր այգի կգցենք, նորանոր պտղատու ծառեր։ Այսպիոով թե՛ միշտ գործ կունենանք անելու, և թե՛ արդյունք կստանանք մեր գործից։

— Լավ կովեր կպահենք. ես կպատրաստեմ յուղ, պանիր․․․

— Ինչո՞ւ չէ. մեղու էլ կարելի է պահել։

— Աբրեշումի որդ էլ... այդ էլ ես կանեմ...

— Եվ ամեն ինչ կատարյալ ձևով։

— Գյուղացոց էլ կսովորեցնենք․․․

— Իհարկե։ Դեռ ուրիշ բան էլ շատ կարելի է անել։

— Ամառը սար կերթանք միշտ։ Լեռնային օդը շատ առողջարար է։

— Մանավանդ երեխանց համար։ Այնտեղ ազատ կլինեն նրանք խակ-խակ մրգեղեն ուտելուց. և եթե ուտեն էլ, կարող են մարսել։

— Զարմանալի բան է, իրավ որ։ Սարումը մարդ քար էլ որ ուտի, կմարսի։

— Առավոտ-առավոտ տաք-տաք թանե սպաս խպշտելը հազար չայ ու կոֆե արժե։

— Հապա քարե թոնրում թխած գաթան ու նազո՜ւքը․․․ ուտելուց չի կշտանում մարդ։ Հիշո՞ւմ ես, Սմբատ, որ մեկ օր ես ու դու յոթը հաց կերանք Կաթնաղբյուրի վրա։

— Հիշում եմ, որ այն ժամանակ այդ կյանքը քեզ դյուր չէր գալիս։ Ե՛վ վայելում էիր բնության առատաձիր շնորհքը և դժգոհ էիր միևնույն ժամանակ։

— Գիտե՞ս, Սմբատ, կանայք երբ որ մի բախտի մեջ են լինում, ուզում են, որ այդ բախտավորությունը տեսնեն իրենց ծանոթները։ Մենք քաղաքացիքս սովորել ենք ապրել առ ի ցույց մարդկանց։ Զուգվում, զարդարվում ենք և դուրս գալիս փողոց, որ ցույց տանք մեր արտաքին զարդ ու զարդարանքը։ Ամենքս էլ գիտենք այդ, բայց դարձյալ շարունակում ենք միմյանց խաբել, միմյանց շլացնել մեր ունեցածով։ Ես առաջ ասում էի՝ ի՞նչ օգուտ գյուղական երջանկությունը, քանի որ իմ ծանոթների համար այս երջանկություն չէ։ Բայց հիմա ես կաշխատեմ այս նախապաշարմունքից ազատվիլ և գյուղական կյանքի հետ հաշտվիլ, մանավանդ որ մեր երեխայոց առողջությունն էլ այդ է պահանջում։