Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հոգի՛ս, դու այստեղ բանտարկվածի պես չես լինիլ կամ վանդակի մեջ։ Քաղաքի ճանապարհը միշտ բաց է մեզ համար։ Երբ ուզենանք, էլի կերթանք տեսնելու մեր ծանոթներին և մեզ էլ նրանց ցույց տալու։ Ձմեռը կարող ենք այնտեղ ամսով էլ մնալ, կերթանք թատրոն, կլուբ, զանազան պարահանդեսներ, եթե կլինին։ Քո բարեկամներդ կպատմեն, թե քանի երեկույթ են ունեցել, ինչքան են տարել ու տարվել, իրանց աղջկերանց ո՛ւմ են տվել, ի՛նչ բաժինք են տվել կամ ի՛նչ բերել, ո՛ւմ կնիկն է մարդուց փախել և ո՛ւմ մարդը կնկանից․ ո՛ւմ աղջիկն ո՛ւր է կորել և որտե՛ղ ընկել․ ո՛վ է կոտր ընկել, ո՛վ հարստացել, ո՛վ է գժվել և ո՛վ կաթվածք ստացել, ո՛վ իր տունը կրակ տվել և հարստացել և ո՞վ է անշնորհք գտնվել միևնույնն անելիս և բռնվել։ Կամ ի՛նչն է մոդա և ինչն է մոդից ընկած, ո՛վ է նոր ասպարեզ մտել և ո՛վ է դուրս մղվել նույն ասպարեզից, ովքե՛ր են դիմակները վերցրել և ովքե՛ր դիմակավորվել։

— Բայց ես մի բանից եմ վախենում։ Սմբա՛տ։

— Ի՞նչ բանից, հոգի՛ս։

— Ես վախենում եմ, որ դու մի փոքր կազդուրվելուց հետո՝ էլ գյուղումը չմնաս․ և բոլոր սկսածներդ կիսատ մնան։

— Այդ ինչպե՞ս, ես չեմ հասկանում։

— Գիտես ի՛նչ ասած ինձ Արմենակը։ Եես չեմ կարծում, ասաց, որ Սմբատը կարողանա գյուղումը մնալ։ Կմնա մի առժամանակ միայն, քանի որ հոգնած է, հուսահատված ու զզված։ Բայց հենց որ կազդուրվի, ինքն իրան առողջ զգա, կսկսի ոգևորվիլ․ այդ ոգևորությունը նույնպես բավականություն կպահանջե։ Սմբատը ֆիզիկական պարապմունքի համար չի ստեղծված, այլ մտավոր և բարոյական։ Ֆիզիկական պարապմունքը կավելացնե միայն նրա եռանդը և կմղե նրան դեպի իր իսկական կոչումը։

— Առավել լավ, հոգի՛ս, եթե այդպես կլինի։ Աշխարհը որ կա, ծով է, իսկ մենք նավորդներ։ Թող գյուղը լինի մեզ համար իբրև նավահանգիստ։ Երբ քամին բարեհաջող կլինի և մենք կտեսնենք թե կարող ենք կրկին նավորդել, ինչո՞ւ հրաժարվենք։ Ասած է՝ «լավ է գյուղումը առաջինը լինել, քան քաղաքում հետինը»։ Եթե ես իմ մեջ այսքան ուժ կզգամ, որ