Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

— Օրհնվա՜ծ, էս ի՞նչ բան է, որ դու անում ես, թող մի քիչ էրվի է՛․․․

— Վնաս չունի,— պատասխանում էր Արությունը, էս մոմերն էլի ժամումը պիտի էրվին, սրանց վարձքը էլի ձեր մեռելների հոգուն կերթա... Հապա ուրիշ տեղեր չե՞ք տեսել, որ ողջ-ողջ աքլարներն ու ոչխարները ուխտավորների ձեռներիցը խլում են, մենք խոմ էնպես չե՞նք անում․․․ Մի՛ վախենաք, էս մոմերն էլի ձեր մեռելների հոգու համար պիտի էրվին... Այս տեսակ խոսքերով նրանց սիրտը շահում էր պարզամիտ Արությունը, նրանք էլ հավատալով՝ դուրս էին գալիս մի ջերմեռանդ աղոթք անելուց հետո։

Վերջապես հոգևոր արարողությունն ավարտեցավ, ամենքն էլ քաշվեցան ծառերի տակը, մատաղները մորթոտեցին, կրակները վառոտեցին և բարեկամ բարեկամի գտնելով, ծանոթ ծանոթի, կազմեցին բազմաթիվ խնջույքներ։ Տեր հորն ու Արությունին էլ հրավիրեցին մի սեղանի վրա, ուր հավաքված էին մինչև տասը-քսան գերդաստան, բոլորն էլ զանազան գեղերից, բայց ամենքն էլ միմյանց մոտիկ բարեկամ։ Աղջկերքն ածում էին դահիրանաղարան և պարում, աշըղ Մավջութն ու իր աշակերտ Զուլային էլ իրանց սազի ու քյամանչի ձայները խառնում էին նաղարի դմբդմբոցի հետ, և երբ աղջկերանց պար գալն ընդհատվում էր, երգում էին հայերեն և թուրքերեն տեսակ-տեսակ խաղեր։ Ամենքի երեսին դրոշմված էր ուրախության գծագիրը, ամենքի շրթունքների վերա երևում էր մի քաղցր ժպիտ։ Սուփրան լիքն էր սպիտակ փափուկ հացերով, կաթնահունց նազուքներով, պանիրով և մատաղի խաշլամով ու խորովածով։ Գինին այնքան շատ չէր, բայց էլի այնքան կար, որ երգ չգիտցողին անգամ երգել էր տալիս։ Ով ինչ խաղ գիտեր, ասում էր, չնայած որ արդեն խաղ ասող աշըղ ունեին։ Վերջը խնդրեցին տեր հորը, որ նա մի տաղ ասել տար Արությունին, որին արդեն շրջապատել էին իր մոտավոր ազգականուհիքը և փոխ առ փոխ գգվում ու համբուրում էին իբրև մի փոքրիկ մանուկի։

— Ասա՛, քե մատաղ, ասա՛, խի՞ ես ամանչում, դու մեր Ավետիքի տղեն չե՞ս... նա մի մարդ ա, որ խաղ ասելում հարյուր