Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

փոքր-ինչ բամբակով տաք-տաք պղնձին նաշադիր քսեմ, ձեռքերս այրե՞մ։ Չէ՛, այդ իմ բանը չէ։

— Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ կուզի լինի։

— Նալբանդը լավ է. մեխի ծայր սրել և պայտեր շտկել. այդ շատ դժվար չէ, բայց մեկ ամեհի ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ է։ Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ։

— Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ի՞նչ եմ ասում. ամբողջ օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած՝ կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ վազվզել։ Չէ՛, այդ էլ բան չէ։

— Ինչո՞ւ չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից կանչեմ— «Քար ու կի՛ր տվե՜ք, ցե՛խ ուղարկեցե՜ք, աղյո՛ւս ձգեցե՜ք»։ Այսպես կգոռամ և կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ։ Բայց վայ թե հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդե՞մ։ Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է։

— Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ։ Թե դյուրգյար դառնամ, ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ. ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ. թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ. վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ։ Չէ, իմ կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել։

1882


ԳԱՐՈԻՆ

Տարին չորս եղանակ ունի, բտյց ամենից սիրունը, ամենից դուրեկանը գարունն է։

Ինչ որ մեռած ու թմրած է լինում ձմեռը, գարնանը կենդանանում ու արթնանում է։