Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշըղ կդնի ջեբը... Ադա Մանվե՛լ, վեր կաց գնա էրեխի կշտին նստի, որ ձայն պահես...

Այս խոսքերն ասողը մի քեթխուդա մարդ էր, իսկ Մանվելը՝ նրա որդին, որ Արությունին հասակակից մի պատանի էր, բայց ավելի առույգ, քան թե Արությունը, որ բավականին նիհար և տկար-առողջ էր։

Տեսնելով, որ տաղ ասելիս մի ուրիշ ընկեր պիտի ունենա, Արությունի սիրտն ահ ընկավ, թե չլինի, որ յուր անծանոթ Մանվելը ավելի լավ ձայն ունենա քան թե ինքը, այդ պատճառով երբ որ Մանվելը եկավ նրա մոտ նստեց, Արությունը նրա տեղը պարզ քաղաքավարությամբ լայնացնելուց հետո՝ ասաց.

— Դու ասա, ես ձայն կպահեմ։

— Ես տաղ չեմ գիտում,— պատասխանեց Մանվելը։

Վերջապես երբ որ «ասա՛, քե մատաղ, ասա՛», կրկնեցին ամեն կողմից ու տերտերն էլ հրամայեց, ծունկ չոքեց Արությունը, որին հետևեց և Մանվելը, և երգեց «Խնկին ծառին նման ես» տաղը, վերջումն ավելացնելով «Անթառամ ծաղիկ» շարականը։

— Ապրես, ապրես, աստված քո հորն ու մորը բաշխի,— ձայն տվին մարդիկ հիանալով նրա քաղցր ձայնից

— Էրնե՜կ քո մոր աչքերին,— լսվում էր կանանց միջից... Մանվելն էլ յուր վերա մի քաղցր տպավորություն զգալով սկսեց ավելի մոտ մոտենալ Արությունին ու մի զմայլմունքի անմեղ ժպիտ բերանին՝ զանազան հարցմունքներ անել։ Այսպես մի քանի տաղ ևս ասել տվին Արությունին, մինչև նոբաթը հասավ զուռնաչի Ցականին, որ իր սիրելի զուռնան փչեց թե չէ՝ մեր պատանիքն ազատություն ստացան, վեր կացան սուփրիցը և ձեռք ձեռքի տված սկսեցին ման գալ բերդի մեջ։

— Ես դեռ չեմ էլած էստեղ, ի՞նչ գեղեցիկ տեղ է, էս ինչքա՜ն մրգի ծառեր կան, տա՜նձ, խնձո՜ր, կասենաս այգի լինի։ Էս որ մեր գեղումը լինի, մեկ հատ չեն թողնիլ ծառի վերա, բոլորն էլ խակ-խակ կթալանեն,— ասաց Մանվելը, երբ որ մի քիչ հեռացել էին խնջույքից։

— Էստեղ էլ չեն թողնիլ, բայց Մովրովն արգելել է, ոչ ոք չի կարող մեկ հատ պոկիլ․ գեղի բաղերումը պատահում է գողություն,