Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նորափթիթ պտուղները — շլորն ու ծիրանը, տանձն ու խնձորը, հաղարջն ու կեռասը, դեղձն ու դամոնը:

Էլ այնքան համբերություն չունին, որ սպասեն մինչև նրանց լավ հասունանալը։

Խակ-խակ ուտում են, ատամներն առցնում, այնպես որ էլ հաց ուտել չեն կարողանում՝ թեև փորները վեց-վեց է անում։

Եթե մանուկներն իմանային, թե որքան վնասակար են խակ պտուղները թե՛ ատամներին և թե՛ իրանց առողջությանը, երբեք չէին ուտիլ։ Ճաշակը նրանց իմաց է տալիս, ասում է՝ «խակ է, թթու է, դեռ ուտելու ժամանակը չէ, մի՛ ուտեք», ատամներն ավելի են կրճտում, բարկանում, թե՝ «էլ չենք կարողանում կրծել, մեզ մի տանջեք». բայց կամակոր ու անմիտ մանուկներն ուտում են և պատիժն էլ կրում, թեպետ իրանք չեն հասկանում, թե այն ցավը, այն ջերմն ու տեսդը ինչի՛ց հանդիպեց իրանց։

Վերջապես խակ պտուղները միմյանց հետևից հասունանում են։ Կեռասը դեղնում կարմրում է և թուշերը պլպլացնում։ Սև ու սպիտակ թութը ծածկում է ծառի հատակը։ Կանաչ վարունգի հոտով ամբողջ բուրաստանը բուրում է։ Նրա հետևից հասնում են և սեխն ու ձմերուկը, անուշահոտ ու նախշուն շամամը:

Ամառը երկրագործի աշխատության ամենաթունդ ժամանակն է։ Երկրի բերքերն այնպես շուտ-շուտ են հասնում իրար հետևից, որ եթե տան մեջ աշխատող ձեռքերը շատ չլինին, մենակ մարդը կշշկլվի, և ոչ մի բան էլ չի կարող անել։

Դեռ գարունքավարը, ցել անելը չվերջացրած, խոտը գալիս հասնում է, որ եթե շուտ չհարվի, կվաղանի, այսինքն հարելու ժամանակը կանցնի, կփչանա։ Ձեռք է զարկում խոտին, մյուս կողմից գարին է հասնում. եթե թութն ունի, արաղ պիտի քաշի, նա է թափվում ծառերիցը. եթե այգի ու բանջարանոց ունի, նրանք էլ այնտեղ են չորանում, ջրվել են ուզում։ Մինչ այս, մինչ այն, աշնանացանն է հասնում. նրան հետևում է գարնանացանը։

Եթե դաշտային տեղ է գյուղը, պետք է երեխեքը, տավարը սարը տանել. ամառվան շոգերին նրանց դաշտումը կարելի