Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ պահել, բայց սարումն էլ նրանց պահող պահպանող է պետք։

Հունձն ընկնում է, մշակ չի ճարվում։ Մենակ մարդն ի՞նչ կարող է անել, ո՞ր մեկին հասնե։ Մինչև մեկ արտը կհնձի, մյուսը կկծղի։

Այսպես երկրագործի ամառնային աշխատությունն այնքան շատ է և բազմակողմանի, որ մի հոգին ամեն բանի հասնել չի կարող։

Այս հանգամանքը մեկ լավ պատճառ է, որ ամենքն էլ ընկերովի աշխատեն, եղբայրները միմյանցից շուտ չբաժանվին, մինչև որ հասած որդիք չունենան. դրացին դրացու հետ ամեն բանում հարաքաշ լինի, այսինքն աշխատակից, ընկերակից: Եվ առաջ հենց այսպես են եղել ամենքը։ Բայց հիմա այդ ընկերության, եղբայրության ոգին վերացել է մեր գյուղերից:

Ամառնային աշխատության շատ մեծ օգնություն են անում և մանր երեխեքը, թե՛ տղերք և թե՛ աղջկերք։ Նրանք եզները պահում են, խոտ ու խուրձ բարձելիս սայլի առջև կանգնում են, հոտաղություն են անում, բանվորներին հաց ու ջուր են տանում։ Ամեն բանում թեթևաշարժ սուրհանդակի պաշտոն են կատարում, արագ-արագ ոստոստելով և ուրախ-ուրախ թռչկոտելով։ Բայց լինում են շատ ծույլ, խլականջ, դանդաղ և անպետք երեխեք էլ, որոնք ոչ մի բանի պետք չեն գալիս: Ափսո՛ս այդպիսիների կերած հացը:

Տղան ամեն բանում պետք է քաջ և ճարպիկ լինի, աշխատելուց չպիտի փախչի, բանից չպիտի վախենա, ամեն բան, ինչ որ ձեռքիցը կգա, պիտի անի։ Կարդալու ժամանակը պետք է կարդալ, խաղաղու ժամանակը՝ խաղալ, բայց բան ու գործի ժամանակն էլ պետք է բանել, գործել։ Դեռ լսված չէ, որ աշխատելուց մարդ վնասված լինի, բայց չաշխատելու և ծուլանալու վնասը ամեն օր տեսնում ենք:

Ամառը մի գեղեցիկ պատկեր է ժրաջանության և աշխատասիրության։ Ձմեռն ուսումնարանումն այնքան բան չի կարող սովորել երեխան, ինչքան ամառը դաշտումը, թե աշխատելով և թե՛ իր չորս կողմի երևույթների վրա նայելով։

Ամեն մի ծառ, ամեն մի թուփ, ամեն մի զեռուն շարժման մեջ է, գործի, աշխատանքի վրա է: Շերամը կամաց-կամաց