Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր մետաքսն է գործում սուս ու փուս, մեղուն իր բջիջներն է մեղրով լցնում, մրջիմն իր ձմեռվա պաշարն է տուն կրում, թռչուններն իրանց ձագուկներն են շահացնում։

Հիրավի, ինչքա՜ն տեսնելու բաներ կան։ Շերամի կերպարանափոխությունը, թրթուրների թևավորվիլը, շերեփուկների գորտ դառնալը, մեղուների ձագ տալը, թռչունների բույներն ու ձվաները, տեսակ-տեսակ բզեզները, զեռուններ, սողուններ, ձկնիկներ, խոտեր, ծառեր, ծաղիկներ, բոլորն էլ իրանց կյանքի կայտառ ու երիտասարդ ժամանակ...

Իսկ ինձ (որովհետև ես հիմա երեխա չեմ, որ թիթեռնիկների հետևից վազվզեմ, որ տեսնեմ՝ որը որից ավելի նախշուն է) — ինձ ամեն բանից շատ դուր է գալիս այն, որ այդ ընդհանուր աշխատության, այդ ընդհանուր գործունեության մեջ տեսնում եմ մի շատ գեղեցիկ ներդաշնակություն — միություն:

Ամեն բանի մեջ մի խմբակցություն, մի կապ, մի միություն կա։ Ի՞նչ բան է, օրինակ՝ արտը, եթե ոչ մի խումբ անհամար ցողունների, որոնք իրար վրա հենվելով, իրար վրա շվաք անելով, միասին աճում, միասին հասնում և մեկին վաթսուն և հարյուր պտուղ են տալիս։

Ի՞նչ գեղեցկություն կունենար մի ձմերուկ, եթե նա մեն մենակ ընկած լիներ մի դաշտի մեջ։ Բայց ուրիշ գեղեցկություն ունի բոստանը, ուր հարյուրավոր ձմերուկներ կողք կողքի պառկած՝ իրար ականջի քչփչում են, թե այն օրը պարտիզպանը իրանցից քանի հատ պոկեց։ Կարծես անհամբեր սպասում լինին, թե երբ պիտի իրանք էլ կտրվին, բացվին, ու մարդկանց երեսին ծիծաղելով՝ նրանց ծարավը զովացնեն։

Ամառնային ամիսներն են — հունիս, հուլիս և օգոստոս։

1884

ԱՇՈԻՆՔ

Ամառն իր բոլոր պտուղները հասցնելով՝ պահ է տալիս աշունքին, որ ինքը հանգստանա և մյուս տարին էլ նույնքան պտուղ տա։