Շարունակ երկար աշխատությունը երկար էլ հանգստություն է պահանջում։
Գալիս է աշունքը՝ ոչ այնպես ուրախ, ինչպես գարունքը կամ ամառը, և ոչ այնպես տխուր, ինչպես ձմեռը։ Նա լուրջ, խոհեմ կերպով, փորձառու և խելոք մարդու նման հաշիվ է պահանջում իր կրակոտ երիտասարդ եղբորից — ամառնի՛ց, ներում է նրա թերությունները և ինչ որ նա պակաս է լինում թողած, ինքն է լրացնում, որ երբ Ձմեռ պապը գա, նրանից հանդիմանություն չլսի, թե այս չկա, այն պակաս է, այս-ինչ կամ այն-ինչ գործը դեռ չի լրացրած։
Աշունքը երբ որ տեսնում է, թե պակաս բաներ դեռ կան, փչում է իր փողը և ամենքին նոր գործի է հրավիրում։ Ինքն էլ պարապ չի մնում։ Իր փողի ձայնի հետ նա փչում է ցրտավուն քամին։ Այդ քամին որ դիպչում է ծառերին, նրանց վրա մնացած պտուղները բոլորը թափվում են, հատակներին փռվում, դիզվում։ Տերևները այդ քամուց դեղնում, սփրթնում են երկյուղից և դողդողալով թափվում, գետնին կուչ գալիս։
Թռչունները շուտով իրանց շահացրած ձագերը ժողովում են, իրար իմաց են տալիս և մեծ-մեծ կարավաններով — խումբ-խումբ, երամ-երամ, շարան-շարան, բույլ-բույլ, կռկռալով, ծվծվալով, կչկչալով թռչում, հեռանում դեպի ավելի տաք երկիրներ...
Այգեպանը շտապում է իր խաղողը քաղել, գինի քամել, տեղավորել, պահունի մրգերից կախաններ շինել, դեղապետի համար պահել։
Պարտիզպանն էլ իր պարտեզի ու բոստանի մնացած բերքերն է ժողովում, ինչպես — կարտոֆիլը, կաղամբը, սոխը, բողկը, տակը (ճակնդեղ), գազարը (ստեպղին) և մյուս արմտիքը։
Երկրագործն էլ իր ցելերն է կեռավար անում, հազար աղոթքով ու մաղթանքով սերմը հողին պահ տալիս, ցանում, ցաքանում կամ սերմավար անում։ Այնուհետև սկսում է փայտ կրել, եթե փայտ է վառում և ոչ աթար, իր խոտի ու հարդի քանակությանն է նայում, որ եթե քիչ է, վաղօրոք մի կերպ պատրաստություն տեսնե, կամ թե չէ՝ իր տավարն ուրիշին պահ տա։