Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

— Ա՛յ կոտորվին դրանք, կուրանա՜ դրանց աչքերը,— բացականչեց մայրս,— տեսնում ես դու՝ այդ անիծածներն ի՛նչ են անո՛ւմ...

— Հիմա ինչ եղել է, եղել է,— շարունակեց հայրս:— Ես ասում էի՝ մի քիչ էլ մնա, ավելի լավ հասնի, որ գինին թթու չլինի, բայց որ չեն թողնում, ի՛նչ արած... Գողին ի՞նչ դատաստան. մեկին բռնել ես տալիս, տեղը քսանն է լույս ընկնում. թե որ առաջ խաղողդ էին գողացել, հետո գալիս են տավարդ տանում, գոմեշներդ քշում։ Դրանց պատիժն աստված պիտի տա. մարդն ի՞նչ կարող է։ Ինչ որ է, դու էգուց հաց թխիր, մեր բարեկամներին իմաց տուր, մյուս օրն սկսենք քաղելը. թե չէ՝ այս տարի ոչ թե ծախելու, այլ մեր խմելու գինի էլ չենք ունենալ։

— Դե որ այդպես է,— ասաց մայրս,— էգուց մարդ ուղարկիր, երեխեքս գան։ Կուրա՜նամ ես... առանց նրանց ի՞նչպես քաղենք բաղը։

«Երեխեք» ասելով՝ մայրս ակնարկում էր քույրերիս, որոնք մարդու էին տված զանազան գյուղերում, բայց իրարից այնքան մոտիկ էին, որ մեկ օրումը կարելի էր ամենքին էլ իմաց տալ: Միայն մեկը քաղաքումն էր, նրան էլ վաղուց էին ապսպրել որ գա։

Երբ որ քույրերս եկան, հետո մայրս ինձ ուղարկեց իմ պապոնց տուն, որ նրանց էլ իմաց տամ։ Նրանց տանն էլ այնքան հարսներ ու երեխեք կային, որ մի սուրու ոչխարից շատ: Այնտեղից ուղարկեցին մորաքրոջս մոտ. հետո մեր սանամայրերի, որ չգիտեմ տասն էին — մեղա քեզ աստված — թե քսանը: Հետո գնացի մեր կնքավորենց տուն, այնտեղից էլ հանդիպեցի Գյուլնազ տատին ու ասացի. «Տատի, մայրս ասեց՝ էգուց դու էլ, քո հարսներն ու թոռներն էլ համեցեք մեր բաղը, էգուց սկսում ենք քաղելը»։ Նա էլ պատասխանեց.

— Շատ լավ, չարդ տանեմ. դե արի քեզ մի սեր ուտացնեմ. շատ ժամանակ է մեր տուն չես եկել։ Ասացի՝ շնորհակալ եմ, պիտի գնամ ուրիշներին էլ իմաց տամ։ Բայց սուտ ասացի, գիտե՞ք. թեպետ սուտ ասելը լավ բան չէ, լավ էլ ախորժակ ունեի սերի, բայց ի՞նչ կանես, սաստիկ ամաչելուցս սուտ ասացի: