Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսպես շարունակվեց երեք-չորս օր և ամեն օր մի նոր ուրախություն, մի նոր զվարճություն էինք սարքում...

1884

ՁՄԵՌ

Ձմեռը գալիս է թե չէ, նրա առաջին ամեն ինչ դողդողում, սարսռում է։ Գթառատ ձյունը միայն մերկացած գետնին օգնության է հասնում, իր հաստ վերմակով նրան ծածկում և այսպես պաշտպանում նրան ձմեռվա դառնաշունչ ցրտերից:

Կրակը դառնում է մի շատ սիրելի առարկա և ամեն բանից ավելի հարկավոր։ Ով որ դրսից տուն է մտնում, ամենից առաջ կրակին է բարևում։

Չքավորների ապրուստը տարվա ոչ մի եղանակին այնքան դժվար չի լինում, ինչպես ձմեռը։ Մեկի վառելիքն է հատնում, մյուսի ուտելիքը, մեկը տաք հագնելիք չունի, մյուսը՝ ապահով բնակարան։ Քուրսին ու մաղալը թեպետ տաքացնում են դրանց, բայց շատ անգամ էլ իրանց ածխահոտովը գլխները շարունակ ցավացնում։ Այո՛, ածուխի կապույտ ծխից պետք է շատ և շատ զգույշ կենալ։ Քանի՛ քանի մարդիկ են մեռել նրանից, քանի անգամ ամբողջ ընտանիքով, մի գիշերվա մեջ, քնած ժամանակ թմրել, կոտորվել են։ Ածուխի կապույտ ծուխը մարդասպան է, երբ ամեն կողմից փակված տեղ է գտնվում։

Ձմեռվա եղանակին պետք է ունևորները հիշեն չունևորներին և նրանց օգնեն ինչով որ կարող են։

Պինդ ձմեռը վայրենի անասուններին ավելի է վնաս տալիս, քան թե մարդկանցը. գյուղացիներն ավելի են նեղություն քաշում, քան թե քաղաքացիք. բայց եթե գյուղացիք մի փոքր կրթված ու աչքաբաց լինին, ձմեռը նրանց ոչ մի վնաս չի տալ և նույնքան օգտակար կլինի, ինչքան մյուս եղանակները:

Թեպետ ձմեռը համարվում է երեք ամիս, բայց լեռնային տեղերում մինչև հինգ ամիս պինդ ձմեռն է լինում։

Ձմեռվա ամիսներն են — դեկտեմբեր, հունվար և փետրվար։

1884

---------------