Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտն էր լինում, այլ հեռու եղած ժամանակն էլ, երբ որ ականջն էր հասնում հայտնի վտանգավոր գոռոցը, նա մի ակնթարթի մեջ կատաղի վագրի պես վազում էր և օգնություն հասցնում սարսափած նախիրին։ Նա շատ անգամ հարձակվում էր սովից հանդգնացած գայլերի վերա ու նրանց եղջերահար և ոտնահար անում։ Նրա օրինակին էին հետևում և մյուս գոմեշները և այսպիսով հաղթությունը միշտ իրենց կողմն էր մնում։ Այսպիսի հաղթություններից հետո տավարները միշտ մոտենում էին Դուրսունին և հոտոտում նրանից, դրանով նրանք հայտնում էին իրենց շնորհակալությունը:

4

Դուրսունը իբրև ըմբիշ։ Գոմեշների մենամարտությունը մի զարհուրելի տեսարան է։ Մենամարտության ժամանակ մեր Դուրսունր յուր խելքը կորցնում էր՝ ոչ խելքով, ոչ ծեծով ուշքի չէր բերվում, այլ ավելի ևս տաքանում էր և դառնում մի կատաղի գազան։ Յուր ծանոթ գոմեշներից ոչ մեկր նրան չէր մենամարտում, փորձով գիտեին, թե ինչ գազանի հետ գործ ունին, բայց եթե հանղիպում էր նրան մի անծանոթ և յուր ուժի վերա մեծ համարում ունեցող անբարտավան գոմեշ, նրան խրատում էր Դուրսունը և շատ անգամ ճանապարհ ձգում ուղղակի դեպի մյուս կյանքը։

Մեկ անգամ մի օտար անծանոթ գոմեշ հեռվից նկատելով Դուրսունին՝ իր քայլերն ուղղեց դեպի նա, բայց այնպիսի մի ձևով՝ որ կարծես գետինը պիտի դողդողա իր ոտների տակ: Այդ ձևը շատ հարմար էր գալիս նրա հսկայամարմին հասակին։ Նրա եղջյուրները երկարումեկ ձգվել էին վզի ուղղությունով և հասել մինչև էրաթաթերը։ Ամբողջ ճակատը բաց և դուրս պրծած էր, ինչսլես մի ահագին թումբ։ Սրա հակառակ Դուրսունի եղջյուրները դեպի առաջ էին թեքված և կեռացած, որ հարկավոր դեպքում վահանաձև գլխի երկու կողմից նիզակների պաշտոն կատարեն։

Անծանոթ գոմեշը քիչ-քիչ մոտենալով կանգ առավ, վիզն սկսեց ծաղրական ձևով ծռմռել, գլուխը թեքեց դեպի վեր և բարձրից մի արհամարհական հայացք ձգեց Դուրսունի վերա: