Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուրսունը անշարժ նայում էր անծանոթի վերա, բայց այնպես, որ կարծես ասում լիներ յուր մեջ.— Այս հիմարն ի՞նչ է ուզում ինձանից։ Անծանոթը շարունակելով յուր ծամածռութլունները, սկսեց մոտենալ։

— Վղղղ,— ասաց Դուրսունը, իբր՝ հասկացա քո միտքը, համեցեք, ես պատրաստ եմ, և յուր զլուխն սկսեց ավելի ևս բարձրացնել և խեթ-խեթ նայելով դիմավորեց անծանոթին կողմնակի ճանապարհով։ Գոմեշներն սկսեցին իրար նայելով մի ձվաձև պտույտ անել և շրջանը քիչ-քիչ փոքրացնելով հանդիպեցին իրար և գլուխ գլխի զարկեցին։

Սովորաբար մի րոպեի մեջ գոմեշներն իրար հասկանում են։ Եթե կռվողներից մինը համեմատաբար թույլ է, նա առանց կատաղեցնելու յուր հակառակորդին՝ իսկույն հեռանում է, իսկ եթե ուժ ուժի է հանդիպում՝ կռիվը շարունակվում է և հետզհետե այնպես է թնդվում, որ էլ բաժանել չի լինում, և տևում է շարունակ մի քանի ժամ։ Դուրսունը, թեև զորավոր հակառակորդի էր հանդիպել, բայց փախուստ տվողներից չէր։ Նա իր կեռ-կեռ պոզերով հակառակորդի ականջատակնրին ու քթին խփելով ու վիրավորելով ավելի շուտ զայրացրեց և կռիվը շատ շուտով թնդացրեց։ Հակառակորդը մի քանի անգամ չոքեց, բարձրացավ, տեսավ, որ բանը վատ է գնում, բայց ուշ էր, էլ ետ դառնալ չէր կարող, անճարացած մինչև վերջը պիտի տաներ Դուրսունի հարվածները։ Վախենում էր ետ քաշվիլ, որովհետև իր կատաղած թշնամին օգուտ քաղելով այդ հանգամանքից կարող էր նրան մահացու հարված հասցնել։ Գլուխը մի տեսակ վահան է, որով գոմեշը թե՛ կռվում և թե՛ պաշտպանում է իրեն. գլուխը հեռացնելուց հետո՝ նա զինաթափ է լինում ու մնում է անպաշտպան թշնամու հարձակմունքից։ Եթե փախչելու էլ լինի, պետք է այնպես շուտ և արագ կատարե այդ բանը, որ թշնամին չկարողանա հետևիցը հասնել: Այս անգամ մեր օտարական գոմեշը լավ երազ չէր տեսել։ Նա երկար ընդդիմանալուց հետո փախչելու փորձ արավ, բայց կատաղած Դուրսունը հասավ նրա հետևից և իրեն հատուկ գոմշային ուժով այնպես խփեց նրա փորին, որ խեղճը գլորվեց տակառի նման և ձորաբաշից ցած ընկնելով ջարդուփշուր եղավ։ Գոմշի տերը, որ մի խեղճ գյուղացի էր, շատ