Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

չզարգացած։ Հարցնում է հոր ու մոր մասին, ասում են՝ չենք տեսել, մենք էլ մի տաճկից ենք առել, փոխարենը մի գառը տալով, բայց հիմա տեսնում ենք, որ սա ապրելու չէ։

Հայրս ասում է՝ սա կապրի, եթե լավ պահող ունենա, և եթե ինձ տաք, ես հինգ մանեթ կտամ։

Ասում են՝ քեզ փեշքեշ, կուզես փող էլ մի տուր։ Մեզ մոտ սա չի ապրիլ։

2

Քուռակը բարեփոխվում է: Ես վեց տարեկան էի, որ հայրս մի քուռակ բերավ հեռու տեղից։ Այդ քուռակը նիհար և բրդոտ հորթի տպավորություն էր անում։ Բայց չանցավ մեկ թե երկու ամիս՝ այդ տգեղ մորթու միջից դուրս եկավ մի շատ գեղեցիկ կարմիր ձիուկ, սիրուն, զվարթ և խելոք աչքերով։ Սկսեց խաղալ մյուս քուռակների և նույնիսկ հորթերի ու երեխաների հետ։ Սկսեց ճանաչել ամենքին էլ և ընտելանալ ամենքի հետ։ Իսկ հորս տեսնելիս՝ մոտենում էր նրան, ինչպես ամեն ձագուկ իր մորը։ Իսկ հայրս փաղաքշում էր նրան և օրը երկու անգամ թիմարում,— քորիչով ու սրբիչով բոլոր մարմինը մաքրում։

Հայրս ասում էր, սա՝ թևեր ունի, բայց դրանք ներսումն են, դրսից չեն երևալ։ Մենք ուրիշ ձի էլ ունեինք, ուրիշ քուռակներ էլ իրանց մայրերի հետ։ Այս նորը նրանցից նույնպես էր տարբերվում, ինչպես բազեն աղավնուց։ Ամենքիս համար նկատելի էր այդ խոշոր տարբերությունը կազմվածքի կողմից, իսկ քայլելիս մյուսների նման չորեքթաթ չէր տալիս, այլ լողում էր օդի մեջ այնպես, ինչպես ձուկը ջրումը։

Ամեն մարդ մի ջոկ տեսակ քայլել ու վազել ունի. այսպես են և անասունները, բայց մանավանդ ձիանը։ Ձիաների քայլելու ձևերը ջոկ-ջոկ անուն ունեն։ Ամենից լավը անվանվում է յորղա, բայց այս յորղան էլ շատ տեսակ է լինում, սկսած մանրաքայլ յորղայից մինչև խոշորաքայլ յորղան։ Կան յորղաներ, որոնք հեծնողին երերում են և կա էլ, որ անշարժ են պահում այնպես, որ նա կարծում է, թե փափուկ աթոռի վրա է նստած ձին՝ սլանում է օդի մեջ և ոչ գետնի խորդուբորդ երեսին։ Ահա այս քայլքն է ամենալավը և սա է հատուկ քյոհյանին: