Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ
(1840—1911)

Անցյալի հայ մշակույթի մեծանուն գործիչների շարքում Ղազարոս Աղայանը գրավում է շատ նշանակալից ու պատվավոր տեղ: Նա իր բազմակողմանի գործունեությամբ ու խորապես առաջադիմական աշխարհայացքով, հետևողականորեն շարունակում է Խաչատուր Աբովյանի դեմոկրատական ավանդները գրականության ու մանկավարժության բնագավառում:

Բնութագրելով իր ավագ ժամանակակցին՝ Հովհ. Թումանյանն իրավացիորեն նշել է Աղայանի ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը. «Նա նման չէ մեր գրողներից ոչ մեկին: Նա ամեն ճյուղի մեջ էլ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և երբեք չի եղել երկրորդը»,— գրել է Թումանյանը:

Եվ իրոք, Աղայանն ինքնատիպ դեմք է գեղարվեստական գրականության ու մանկավարժության, ինչպես նաև հրապարակախոսության ու հասարակական-քաղաքական մտքի բնագավառներում:

Աղայանի, որպես գրական ու հասարակական գործչի մեծությունը և ուրույն տեղը հայ մշակույթի պատմության մեջ ճիշտ պատկերացնելու, նրա պատմական ծառայությունն ըստ արժանվույն գնահատելու համար, հարկ է հիշել, թե ինչպիսի պայմաններում է նա հանդես եկել:

Հենց այդ ժամանակաշրջանի մասին է Աղայանը գրել. «Խավար էր մեր աշխարհը, շատ էր խավար՝ լուսավոր մարդուն պետք էր լապտերով փնտրել»: Դա այնպիսի ժամանակ էր, երբ «ուսումնառությունդ մի անհրաժեշտ պահանջ չէր... երբ չկար գնահատություն շնորհքի, տաղանդի, և հանճարի տեր մարդը համարվում էր խելագար, կամ առնվազն հերետիկոս: Ամեն ոք ինքը պետք է իր համար ճանապարհ բաց աներ հայկական խոպանացած անդաստանի վրա և այդ էլ շատ քչերին էր հաջողվում» (հ. 2-րդ, էջ 91)[1]։

Ահա այդ «խավար» ժամանակ է հանդես գալիս Աղայանը, որպես այն

  1. Այստեղ և հետագայում ցույց են տրվում Աղայանի երկերի նախորդ հրատարակության հատորները։