Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այստեղ ո՞վ է կենում,— հարցրեց Մանվելը ձեռքը մեկնելով դեպի մի փոքրիկ խուղ։

— Այստեղ էլ մի հիվանդ մարդ է կենում իրա կնկա հետ։

— Ինչո՞վ է հիվանդ։

— Ոտներից սկսած մինչև գոտկատեղը չորացած է։ Մովրովը թասին մտիկ է տվել, ասել է՝ «մեր խաչիցն է, պիտի սրա տակին օխտը տարի կենաս, որ պրծնես»...

— Երևի խաչին բարկացրել է էդ մարդը։

— Հա՛։ Ասում են դա մի թերահավատ մարդ է էլել, խաչի չի էլել հավատալիս։ Մեկ օր մի հարս նղավել է, ու սկսել է դրան սպառնալիք տալ խաչի բերանից, դա էլ բարկացել է, բռնել է հարսի մազերիցը քաշքշել, ասել է՝ «դու սատանություն ես անում, քեզ խաչը չէ խոսացնում»։ Սրա վերա խաչը բարկացել է ու դրան էդպես պատժել։

— Հա՜... մեռնեմ խաչի ողորմությունին, իմ երեսս դրա ոտի տակը...— ասաց Մանվելը երկյուղից սփրթնելով և երեսին խաչ անելով և սկսեցին ավելի հեռանալ մինչև հասան Խրամի ձորափը։

— Արի էստեղ մի քիչ նստենք, Արություն,— ասաց Մանվելը։

— Ո՛չ, Մանվել, գնանք, տեսնո՞ւմ ես էն մեկմեկու վրա դրված երեք քարերը, գնանք նրանց վերա նստենք...

— Ո՜ւհ, էս ինչպե՞ս են իրար վերա դրել էս ահագին քարերը...

— Սրանց համար ասում են՝ «երկու եղբայր են եղել, մեկ էլ մեկ քույր են ունեցել։ Երկու եղբայրները երկուսով ներքևի երկու քարը իրար վրա են դրել, երրորդը չեն կարացել. հետո իրանց քույրը եկել է մի ձեռով վերցրել դրել դրանց վերա...

— Ո՜ւհ, ինչքա՜ն ուժով է եղել... ով գիտե, որ երեք գյուղ հավաքվեն մեծով փոքրով, էլի չկարենան տեղիցը շարժել։

Մեր պատանիքը վեր բարձրացան, նստեցան երեք քարի վերա և սկսեցին նայել իրանց առաջով ընկած անդնդաձև խորության վերա, որի միջով Խրամ գետը փրփուրն երեսին գնում էր վշշալով...

— Տեսնո՞ւմ ես ինչ լավ տեղ է,— ասաց Արությունը, ձեռը մեկնելով դեպի Խրամի պատերը։— Ահա էն քարքարուտ