Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձին հինգերորդ տարումն արդեն ցույց է տայիս յուր ուրույն քայլքը, իսկ յոթներորդ տարումը հասցնում է վերջին կատարելության։

Մեր Փաշիկոն ի ծնե և ի բնե արդեն կատարյալ էր։ Եվ ամեն ձիու և ամեն կենդանու հետ էլ քայլում էր նրա նման, իսկ իր նման քայլում էր միայն մենակ ժամանակ։ Նա ենթարկվում էր հեծյալի ճաշակին։ Նա քյոհլան էր, երբ հայրս էր հեծնում կամ մեծ եղբայրս։ Երբ մայրս էր հեծնում, նա դառնում էր պսակ գնացող հարս։ Երբ հեծնում էի ես, որ տանեմ ջուրը, նա իմ կամքին չէր ենթարկվում և ավելի նա էր ինձ տանում ջուրը, քան թե ես նրան։ Ճանապարհին կանգ էր առնում, որտեղ ուզում էր։ Շատ անգամ նույնիսկ շեղվում էր ուղիղ ճամփից և մի ուրիշ տեղով էր գնում, և այսուամենայնիվ ինձ պահում էր վրան և անվնաս տուն հասցնում։

Նա իր թռչկանությունը իրացրեց 1847 թվականին, երբ խոլերայի համաճարակ կար։ Այդ տարին մեր տերտերը խոլերայից բռնվեց, հարկավոր էր դեղ և սառույց բերել քաղաքից։ Հայրս առավոտը 4 ժամին դուրս եկավ և 12 ժամին դեղն ու սառույցը հասցրեց։ Երկու ժամ հանգստացրել էր ճամփին, ապա վեց ժամում անցել էր 172 վերստ։ Հայրս ասում էր, եթե ուզենայի ավելի շուտ կգայի, բայց շատ էր շոգ, վախեցի ձին վնասվի. թույլ տվի, որ կամքովը գա։ Եվ իրավի՝ ձին այնպես վերադարձավ, որ կարծես երկար ճամփից չլիներ եկած։ Բայց տերտերը մահի ճանկից չփրկվեց և իբրև քավության նոխազ, միայն նա մեռավ մեր գյուղումը։