Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՅՈՒԼՆԱԶ ՏԱՏԻ ՀԵՔԻԱԹԸ

Ա

Ձմեռն էր` գիշերը երկար։

Գյուլնազ տատիկը՝ գլուխը քուրսու վրա դրած ննջում էր։

Մանուկները վրա թափվեցան, քունը փախցրին և ստիպեցին, որ իրանց համար մի հեքիաթ ասի։ Նա էլ սկսեց.

— Եղել է չի եղել՝ մի սիրուն արտուտիկ։
Կտուցը սուր՝ մեր Արշակի քթի նման.
Թևերը փափլիկ՝ Շողիկի կռների նման։
Բմբուլը խուճուճ՝ Տիգրանի մազերի նման,
Ահա այսպես սիրուն էր արտուտիկը։

— Բա ինձ նման ոչինչ չունե՞ր,— ասաց Վանին։

— Բա ի՞նձ,— ձայն տվավ Հռիփսիկը։

— Ինձ էլ չասացիր,— լաց էլավ Նազիկը։

— Սպասեցեք, սպասեցեք, երեխեք, դեռ չեմ վերջացրել, ամենքիդ էլ բաժին կտամ,— ասաց տատիկը և շարունակեց.

— Աչիկներն այնպես նախշուն էին, ինչպես Վանիկի աչքերը։

— Կատարն այնպես կարմիր էր, ինչպես Հռիփսիկի թշերը։

— Ոտներն այնպես բարակ էին, ինչպես Նազիկի մատները։

— Ես ոտները չեմ ուզում,— ասաց Նազիկը։

— Ախ, Նազիկ ջան, ես ուզում էի ասել տոտիկները,— ասաց տատիկը։