Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղը լիքն է նռնով ու թզնով, բայց ոչ ոք չի կարող գնալ քաղելու, ճանապարհ չկա։ Տեսնո՞ւմ ես էն ծակերը, նրանք զաղեք են (քարայրեր), ահ ժամանակներին նրանցում մարդիկ են էլել կենալիս, երևի առաջ հեշտ է էլել էդպես տեղեր բարձրանալը։ Հիմի էլ ով որ քաջ քարագնաց է, կարողանում է գնալ էդպես տեղերը։ Ասում են՝ շատ անգամ արծաթ, պղինձ, հին գրվածքներ շատ են գտնում դրանցում...

— Բայց մեկը որ վեր ընկնի էդ ահագին բարձրությունից, ով գիտե մեծ պատառն ականջը մնա։ Մի բան ասե՞մ, Արություն. էստեղ ամեն ինչ զարհուրելի է։ Մի կողմից էս անդունդները, էս ավերակ վանքերը, էս ահագին բուրգերը, որ ով գիտե քաջքերով լիքն են բոլորն էլ, մեկէլ կողմից էդ թասի մտիկ տվող կնիկը։ Եթե նա ամեն դարտակ բանի համար խաչին գանգատվի, խաչն էլ ում ասես՝ կպատժի։ Դու պետք է զգույշ կենաս, էդ կնկանը չջգրացնես...

— Ինչո՞ւ պիտի ջգրացնեմ։ Նա ինձ շատ սիրում է։ Անցյալ օրը կանչեց ինձ, թուշիցս պաչեց, ու թե՝ «ես ձեր գեղումն էի, քու մերն ասեց՝ որ գնաս, իմ տեղակ երեխիս թուշիցը կպաչես»։ Ես էլ նրա ծծիցը պաչեցի, հետո ասեցի՝ «դեդի, մեկ ինձ համար էլ մտիկ տաս թասիդ»։ Նա թե «շատ լավ»։ Վեր կալավ թասը, ջրով լքցրուց, թասի պռունկներին երկու մոմ վառեց ու սկսեց մտիկ տալ։ Մի քիչ պրկշտոտաց, գլուխը թափ տվեց, մտածեց, հետո ծիծաղեց, թե՝ «լա՛վ, լա՛վ, շատ լավ բախտ ունիս։ Տերտեր կդառնաս, բայց կնիկդ կմեռնի, կերթաս վարդապետ կդառնաս, հետո եպիսկոպոս կդառնաս, հետո կաթող...» ուզեց թե ասել էր, կաթողիկոս կդառնաս, մեկ էլ խոսքը փոխեց, թե՝ «չէ՛, դու տերտեր չես դառնալ, քո մոր սրտինը չի կատարվիլ, ձեր տանը քեզ կատեն, դու կերթաս հեռու աշխարհքներ, բայց աստված քեզ չի կորցնիլ, դու էլի ետ կգաս ու անվանի մարդ կդառնաս»։ Էս ասեց ու սուս կացավ, մեկ էլ թե՝ «էս չլինի, էն կլինի, էն չլինի, էս կլինի...»։ Ես հիմի չգիտեմ, թե որը պիտի լինի։

— Էլ դրա համար ինչու ես մտածում, նրա ասած՝ կամ էս կլինի, կամ էն։ Ես իմ բախտին չեմ մտիկ տալ տված, բայց հայրս ասում է՝ «քեզ պիտի տերտեր օրհնիլ տամ»։ Ինձ հիմի մեր գեղի տերտերի տղան է գիր սորվեցնում, ամեն օր ծեծում