Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրանք լինում են իրիցի շներ[1], սև ու մազմզոտ և խիստ շա- տակեր, տգեղ ճիճուներ...

— Իսկ սա այդպես չէ, մայրիկ, այդպես չէ. տես ի՜նչ սիրուն է, ինչպե՜ս խատուտիկ, ես դեռ չեմ տեսել ոչ մի թիթեռնիկ այսքան գեղեցիկ։ Ախ, ափսո՜ս, ափսո՜ս... Մայրիկ ջան, մայրիկ, ինչպես էլ լինի... ի՞նչ վնաս ունի... բա սրանք մեղք չե՞ն...

— Դե, բավական է, զահլես մի՛ տանի.— մայրը բարկացավ, բայց ուրախացավ, որ իր Սուրիկը գիտե ցավակցել, գթալ ու խղճալ։ «Ուղիղ է ասում,— ասաց ինքն իրան,— չէ՞ որ սրանց էլ աստված է ստեղծել։ Նա որ մեզ այսքան բարիք է տվել, անշուշտ սրանց էլ փայ է հասցրել»։

1907


{{Կենտրոն|ԴԱՆԱԿՈՎ Փոքրիկ Հրանտը նոր զարթել էր քնից, և լաց էր լինում հեկեկալով։

— Հրանտ ջան, ինչո՞ւ ես լաց լինում,— հարցնում է նրան մայրը:

— Դանակս, մայրիկ, դանակս չկա։

— Ի՞նչ դանակ, որտեղի՜ց է քեզ դանակ...

— Օ՜... գտա՜, մայրիկ, գտա՜... ձեռքումս պինդ պահած ունեի, բայց հենց որ զարթեցի, մեկ էլ տեսնեմ, էլ ոչինչ չկա՜...

— Հա՜... հասկացա, երազումդ ես գտել։ Դե լավ, լաց մի լինիր, երբ որ կմեծանաս, ես քեզ համար մի սիրուն դանակ կառնեմ, հիմա դեռ փոքր ես, ձեռքդ կկտրես։

— Ես արդեն մեծ եմ, մայրիկ, մեծ. տես, արդեն սեղանից բարձր եմ... ես ուզում եմ դանակ ունենամ։

Արփիկը ինձանից փոքր է, բայց մկրատ ունի...

  1. Թրթուրներին շատ տեղերում անվանում են «իրիցի շուն»․․․