Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս հրատարակության տեքստերի պատրաստման համար հիմք են ընդունվել հեղինակի կենդանության օրով եղած ամենավերջին հրատարակությունները, իսկ հետմահու տպագրված երկերի, ինչպես և նամակների տեքստերը պատրաստված են հեղինակի արխիվում պահվող ինքնագրերի հիման վրա։

Ներկա հրատարակության բոլոր հատորներն էլ պարունակում են նյութեր, որոնք չեն եղել նախորդ (1939—1950 թթ․) չորսհատորյակում՝ բանաստեղծություններ («Հարկավոր է օգնել չքավորներին», «Առ Ղևոնդ Հայր Ալիշան», «Գլո՞ւխ, թե գլխարկ» և այլն), առակներ («Աղվեսն ու գայլը»), մանկական պատմվածքների մի ամբողջ շարք՝ վերցված հեղինակի նշանավոր դասագրքերից («Ուսումն մայրենի լեզվի» և «Արևիկ»), կան նաև հեքիաթներ։

Նոր էջեր կան հեղինակի փոխադրություններից ու թարգմանություններից, ինչպես, օրինակ՝ Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ»-ի արձակ փոխադրությունը, Ավենարիուսի «Ֆրիդյոֆի փորձությունը» (մի հատված նույն հեղինակի «Ֆրիդյոֆ դյուցազն» երկից)։ Նոր նյութեր են տրվում նաև Աղայանի գրական-քննադատական, հրապարակախոսական, և մանկավարժական աշխատություններից նրա հուշագրություններն ու նամակները պարունակող հատորներում։

Մի շարք երկերի տեքստերում, նախորդ հրատարակությունների ժամանակ այլևայլ նկատառումներով կատարված անհարկի կրճատումները վերականգնված են և հեղինակի կիրառած տարբեր ուղղագրական ձևերը հնարավորին չափով միասնության են բերված՝ ընդունելով երկու տարբեր ձևերից այն, որը գերակշռում է Աղայանի տվյալ ժամանակաշրջանի երկերում։

Վերջապես, նորույթ է այն, որ բոլոր հատորների էջերում տրվում են համառոտ ծանոթագրություններ, երկերի գրության ու տպագրության ժամանակի և այլ հարցերի վերաբերյալ։


«ԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆՎԵԼ»
(3-157)

«Արություն և Մանվելը» Աղայանի առաջին վիպական ստեղծագործությունն է։ Հարկ է հիշել, որ մինչև այս վեպը, Աղայանը Պետերբուրգում, երբ, ինչպես գրում է նա՝ «մեկ ձմեռ մի անկյունում մրսեցի ու հիվանդացա... գլուխս տաքացած ժամանակ երևակայությունս էլ տաքացավ, սկսեցի մի շատ երկար ոտանավորով գլխովս անցածը նկարագրել, որ հիշատակ մնա»։ Հիվանդությունը սաստկանում է և Աղայանին տանում են հիվանդանոց։ Երկու շաբաթ հետո բնակած իր «անկյունը» վերադառնալիս «էլ ոտանավորս չգտա»,— գրում է Աղայանը։ «Հրեուհի տանտիկինս, անպետք բան համարելով, ձգել էր հնոցը։— Ես չգիտեի, որ դուք գրող եք և այն էլ բանաստեղծ,— արդարացրեց իրան պարզամտությամբ և ա՜խ, ա՜խ անելոլով,—