Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ,— ձեզ կվարձատրեին անշուշտ նրա համար և դուք էլ կվճարեիք մեր ճաշի և անկյունի վարձը, ափսո՜ս, ափսո՜ս...» Այնուհետև,- շարունակում է Աղայանը,— «ես փորձեցի նորից գրել նախկին պոեմաս՝ շատ բան էր միտս, թե ինչպես էի գրել, իսկ նյութն արդեն ծանոթ էր» (հ. III, էջ 71)[1]։

Բայց իր այդ «երկար ոտանավոր պոեման» հեղինակը ոչնչացնում է այն ժամանակ, երբ միտք է հղանում գրելու «Արություն և Մանվելը»։

Իսկ վեպը նա գրում է Պետըերբուրում՝ 1865 թվականի առաջին կեսին, երբ մի առիթով ներկա է լինում Կարապետ Եզյանի նախաձեռնությամբ կազմակերպված հայ ուսանողական «Ժողովի» հերթական հավաքույթին և ընդունվում այդ «Ժողովի» անդամ։

Վեպի առաջին գնահատողը եղել է «Հյուսիսափայլի» աշխատակից, բանաստեղծ և մանկավարժ Ռուբեն Հալալյանցը Պետերբոլրգում՝ այն հայրենասեր հայ ուսանողը, որ երիտասարդ Աղայանին ներկայացրել էր «Ուսանողական ժողովին»։ Եվ հենց նա էլ խորհուրդ է տալիս Աղայանին իր գրածը կարդալու «Ուսանողական ժողովին»։

Ինքը՝ Աղայանը, հանգամանորեն նկարագրում է, թե ինչպիսի ոգևորությամբ է գրել վեպը և նույնքան ոգևորությամբ կարդացել հիշյալ «Ժողովի» նիստերում՝ արժանանալով խանդավառ ընդունելության ու հավանության։

«Ժողովը» շատ բազմամարդ էր։ Լսել էին, որ մի նոր բան պիտի կարդացվի, եկել էին և կողմնակի ինտելիգենտ մարդիկ՝ հատկապես ինձ տեսնելու և լսելու։ Սկսեցի կարդալ և նմանը չտեսնված ընդունելություն գտավ» (հ. III, էջ 76)։

Բայց արդյո՞ք Աղայանը ամբողջ վեպն է կարդացել «Ժողովի» նիստին, թե՞ առանձին գլուխներ։ Ժամանակակիցներից մեկի՝ Պետերբուրգի «Ուսանողական ժողովի» գործունեությանը նվիրված մի հոդվածից (որ գրված է նույն «Ժողովի» արձանագրությունների հիման վրա) տեղեկանում ենք, որ Աղայանը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է նիստերում հանդես եկել ընթերցումով։ Արձանագրությունների հիման վրա հոդվածագիրը հիշատակում է Աղայանի կարդացած հատվածների վերնագրերը, որոնցից ոչ մեկը, սակայն, չկա «Արություն և Մանվել»-ի առաջին հրատարակության մեջ, ինչպես և հետագա հրատարակություններում։ Աղայանի ընթերցած հատվածներից մեկի վերնագիրը եղել է՝ «Հարություն կամ ի՞նչ կա, ի՞նչ կա», իսկ մյուսը՝ «Ճշմարտություն և ստության կամ յալանչի»:

Հենց այն փաստը, որ այս վերնագրերը չկան վեպի առաջին (1867 թ.) հրատարակության մեջ, ինքնին վկայում է, որ դրանք վեպի սկզբնական տարբերակի գլուխներից երկուսի վերնագրերն են, որոնք հետագայում փոխարինվել են այլ վերնագրերով, երբ հեղինակը նախքան տպագրության հանձնելը հիմնովին վերանայել է իր գրածը։

Երբ վեպն արդեն պատրաստ էր, առաջին լուրջ հարցը՝ գրաքննիչից

  1. Այստեղ և հետագայում մեջբերումները կատարված են նախորդ քառահատորից։