Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեզ վրա է դրած և ուրիշ ոչ ոքին» («Մեղու Հայաստանի», 1867, օգոստոսի 26, № 32, էջ 271—2. Սեդրակ Մանդինյանց.— Ծանուցումն)։

Մանդինյանցն ուղղակի չի ասում, որ «Արություն և Մանվել»֊ին վերաբերող անստորագիր քննադատական հոդվածի հեղինակն էլ ինքն է, բայց առանց դրա էլ «Ծանուցումն»֊ից և Աղայանի որոշակի վկայությունից հետո կասկած չի մնում, որ այդ հոդվածի հեղինակն իրոք Ս. Մանդինյանն է։

* * *

«Արություն և Մանվել»-ի առաջին հրատարակության անվանաթերթի վրա վերնագրի տակ նշված է՝ «Ազգային վեպ. հատոր առաջին»:

Բացի այդ մի առանձին թերթի վրա գրված է.

«Նվեր համագգի գյուղացվոց
Աշխատասիրողից»:

Այս ընծայագրությունը վեպի հետագա հրատարակություններում չի պահպանվել:

Հեղինակի նախնական ծրագրի համաձայն՝ 1-ին հատորին պետք է հաջորդեին 2-րդ ու 3-րդ, թերևս նաև 4֊րդ ու 5-րդ հատորները։ Բայց այդպես չստացվեց։ Աղայանն այլևս չդրեց վեպի որևէ նոր հատոր, այլ հիմնովին վերամշակեց և ընդարձակեց այդ «առաջին հատորը» բաժանելով այն «գրքույկների», ամեն մի գրքույկում ավելացնելով նոր գլուխներ և առանձին գրքույկներով հրատարակեց վեպը 1Տ88—1901 թթ․ ընթացքում։

Վեպի առաջին հրատարակությունից ճիշտ քսան տարի հետո՝ 1887 թվականի ապրիլին «Աղբյուր» ամսագրում Աղայանը տպագրում է հետևյալ ծանուցումը.

«Տպագրության համար պատրաստ է Արություն և Մանվել Ազգային վեպ.

Սրա մի մասը քսան տարի առաջ տպագրվեցավ կիսատ֊պռատ և տպագրական սխալներով լիքը, բայց այսուամենայնիվ կարգից դուրս ընդունելություն գտավ և ամենքն էլ անհամբեր սպասում էին երկրորդ մասի տպագրությանը։

Այժմ թե՛ առաջինը և թե՛ երկրորդը միացրած, լրացրած և ամբողջացրած է, օժանդակող ձեռքերի է սպասում, որ լույս տեսնի։

Բաժանորդագինը 2 մանեթ է... Ամեն մի տասը բաժանորդ գտնողը կամ գրվողը մի օրինակ ձրի կստանա։ Մասնավոր նամակով դիմած շենք մեր ծանոթներին և բարեկամներին, հուսալով, որ նրանք ինչ որ կարող են անել, կանեն։

Ղ. Աղայանց»
(«Աղբյուր», 1887 թ., № 2, երկրորդ բաժին, էջ 23)։

Այս հայտարարությունից մոտ մեկ տարի հետո լույս է տեսնում վեպի